Ընտրական օրենսգրքի փոփոխություններով ընտրությունների հանդեպ հասարակության վստահությունը կմեծանա. Լևոն Զուրաբյան
«Եթե իշխանությունները նույնիսկ ընդունեն Ընտրական օրենսգրքում՝ ընդդիմության կողմից առաջարկված փոփոխությունների փաթեթը, դա բավարար չի լինելու որպեսզի նախագահական ընտրություններին իշխանության թեկնածուի հաղթանակը լեգիտիմացվի»: Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե արդյոք Ընտրական օրենսգրքի փոփոխությունն է բավարար, որպեսզի ընդդիմությունը ճանաչի նախագահական ընտրությունների արդյունքները՝ ասուլիսում հայտարարեց ՀԱԿ համակարգող, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
«Իսկ եթե ընտրատեղամասեր զինված մարդկանց բերեն կամ փողոց՝ տանկեր, այդ ընտրությունները արդար կլինե՞ն»,- արձագանքեց նա լրագրողի հարցին:
Դիտարկմանը, եթե նման քայլի իշխանությունները չդիմեն, ապա դա կազդի արդյո՞ք ընդդիմության որոշման վրա, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ հասարակությունը ընտրական օրենսգրքում փոփոխությունը կարող է ընդունել զուտ որպես լրջագույն երաշխիք, և ընտրությունների հանդեպ հասարակության վստահությունը կմեծանա:
«Ամեն ինչ կապված է, թե որքանով հետագա զարգացումները օրենքի շրջանակներում կլինեն»,- նշեց նա: