Թուրքիան կդիմի ՆԱՏՕ-ին` «Պատրիոտ» հրթիռային համալիրը տրամադրելու խնդրանքով
ՆԱՏՕ-ի անդամ-պետությունները համաձայնվել են Թուրքիային տրամադրել «Պատրիոտ» հրթիռային համալիրը, որի նպատակն է պաշտպանվել Սիրիայից սպասվող հարձակումներից: Այս մասին «Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Հայտնի են այն պետությունները, որոնք ՆԱՏՕ-ին տրամադրում են «Պատրիոտ» համակարգերը: Մենք համաձայնության ենք եկել այդ պետությունների հետ, իսկ շուտով Թուրքիան պաշտոնապես կդիմի ՆԱՏՕ-ին: Աշխատանքն ակտիվ ընթացքի մեջ է, բանակցությունները վերջնական փուլում են»,- նշել է Ա. Դավութօղլուն:
Նշենք, որ միայն ԱՄՆ-ը, Գերմանիան և Նիդեռլանդներն ունեն «Պատրիոտ» հրթիռային համալիր: Գերմանիան և Նիդեռլանդներն արդեն պատրաստակամություն են հայտնել Թուրքիայի համապատասխան դիմումի պարագայում տրամադրել այդ հրթիռները:
Ավելի վաղ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է ամեն ինչ անել իր անդամ պետություններից մեկի՝ Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար. «ՆԱՏՕ-ն իրենից կախված ամեն ինչ կանի իր դաշնակից Թուրքիային պաշտպանելու համար: Մենք ծրագիր ունենք, թե ինչպես ապահովել Թուրքիայի անվտանգությունը»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Վերջինս, սակայն, հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ն ստիպված չի լինի այդ ծրագիրը կյանքի կոչել. «Հույս ունեմ, որ այդ ամենը զսպող նշանակություն կունենա, և Թուրքիաի դեմ հարձակում չի լինի»,- հայտարարել է Ա. Ֆոգ Ռասմուսենը:
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 3-ին սիրիական տարածքից Թուրքիայի սահմանամերձ Աքչակալե քաղաքի ուղղությամբ հրետանային կրակ արձակելուց հետո 5 մարդ զոհվել էր, ևս 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Թուրքական կողմը պատասխան քայլեր էր ձեռնարկել և գնդակոծել սիրիական տարածքում տեղակայված ռադարները:
Թուրքիայի կողմից Սիրիայի ուղղությամբ պատասխան կրակի հետևանքով 20 սիրիացի զինվոր մահացել է, իսկ 70-ը` վիրավորվել: Թուրք-սիրիական սահմանային լարվածության կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել, ՄԱԿ-ը, ԵՄ-ը, Սպիտակ Տունն ու Ռուսաստանի արտգործնախարարությունը:
Նախորդող՝ Գերմանիան և Նիդեռլանդները պատրաստ են Թուրքիային տրամադրել «Պատրիոտ» համակարգի իրենց հրթիռները