Արման Մելիքյանը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա միասնական թեկնածուով
«Գալիք նախագահական ընտրությունները չեն տարբերվի նախորդներից, քանի որ որևէ նորություն քաղաքական դաշտում չկա»,-այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը:
Ըստ բանախոսի` այն, ինչ այսօր կատարվում է երկրի ներքաղաքական դաշտում ոչ այն ինչ է, քան տարբեր միջոցներով պայքար զուտ իշխանության մաս կազմելու համար, այլ ոչ կառուցողական և արմատական իշխանափոխության ձգտում:
«Այդ տեսանկյունից Հայաստանը քաղաքական կռապաշտության երկիր է, յուրաքանչյուր կուսակցություն հիմնված է մի անհատի շուրջ: Ժամանակին ԲՀԿ-ն համալրվեց գործարարներով, այլ գործիչներով նախագահական նստավայրից, իսկ Հանրապետական կուսակցության առաջնորդները նշանակվում էին դրսից: Բացառությունը, թերևս Անդրանիկ Մարգարյանն էր, ով ստանձնել էր կուսակցության ղեկավարությունը խորհրդարանում այն տխրահռչակ դեպքից հետո և դարձել մի տեսակ բալանսավորող»,- ասաց նա:
Ըստ բանախոսի` 100 տոկոս համամասնական ընտրակարգի մասին խոսելը ևս ժամանակ շահելու մի միջոց է: Նրա կարծիքով, ներկայումս Հայաստանում գնում է կուսակցությունների խոշորացման գործընթաց, որը ուղեկցվում է նաև կուսակցական օլիգարխիայի ձևավորմամբ:
Ա.Մելիքյանը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա միասնական թեկնածուով:«Դժվար թե Լևոն Տեր Պետրոսյանը սատարի Գագիկ Ծառուկյանին, և հարցը անձերի մեջ չէ: Պարզապես կա անհամատեղելիություն սկզբունքների մեջ: Եվ եթե նույնիսկ ըննդիմադիր տարբեր բևեռները արհեստականորեն միանան, դա երկրի համար խնդրահարույց կլինի», - ասաց նա:
Խոսելով նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների մասին, Ա.Մելիքյանը նշեց, որ ևս որևէ նորություն չի տեսնում: Ինչ վերաբերվում է իր առաջադրմանը, ապա նման որոշում դեռ չկա, բայց չի բացառվում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան