«ArmNet Awards 2012»-ի գրանցումն ավարտվեց. ներկայացվել է 540 մասնակցության հայտ
Նոյեմբերի 19-ին ավարտվեց «ArmNet Awards 2012»-ին մասնակցող կայքերի գրանցումը: Մրցույթին գրանցվել է ընդհանուր թվով 540 մասնակից՝ այդ թվում՝ կայքեր, բջջային հավելվածներ, բլոգեր և սոցիալական ցանցերի էջեր:
Կազմակերպիչների հաղորդմամբ, ժյուրիի ընտրությանը զուգահեռ նոյեմբերի 22-ից կմեկնարկի SMS քվեարկություն, և բոլոր այցելուները SMS հաղորդագրության միջոցով կկարողանան քվեարկել իրենց նախընտրած կայքի համար: Քվեարկելու համար պետք է հեռախոսահամարից ուղարկել SMS 1041 կարճ համարին (Հայաստանից 1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ)` բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը: Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարակել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա: Քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող: Մրցույթին մասնակցող սոցիալական ցանցերի անձնական էջերը «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում ներառված չեն և քվեարկությանը չեն մասնակցում: SMS քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին:
Մրցույթի արդյունքում մրցանակներ կտրվեն 8 լավագույն մասնակիցներին հետևյալ անվանակարգերում.
• Գլխավոր մրցանակ
• Դիզայն և հարմարավետություն
• Նորարարություն
• Տեխնիկական կատարում
• Բովանդակություն
• Հասարակական ազդեցություն
• Տարվա առաջընթաց
• Ժողովրդական ընտրություն
• Orange-ի կողմից սահմանաված մրցանակ` լավագույն բջջային հավելվածի համար:
Նոյեմբերի 30-ին կհրապարակվի ժյուրիի կողմից ընտրված հավակնորդների ցանկը յուրաքանչյուր անվանակարգի համար (բացառությամբ « Ժողովրդական ընտրություն » անվանակարգի), իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 8-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
«ArmNet 2012»-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը:
Մրցույթին մասին բոլոր մանրամասները կարելի է գտնել ArmNet 2012-ի պաշտոնական կայքում` www.armnetawards.am :
ArmNet 2012 ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը: