Մրցանակակիր աշակերտները` լավագույն սպեղանին կրթական համակարգի խնդիրների հաղթահարման գործում
«Աստղագիտություն» և «Ինֆորմատիկա» առարկաների միջազգային օլիմպիադաներում մրցանակների արժանացած աշակերտներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
««Հաջողության պատմություններ» արձանագրած աշակերտները մեր հպարտությունն ու ուրախությունն են և կրթական համակարգում տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունների արդյունավետության լավագույն ապացույցն ու աշխատանքի լավագույն հիմնավորումը, լավագույն սպեղանին` կրթական բարեփոխումներում իրականացվող խնդիրների հաղթահարման գործում»,-նշել է Արմեն Աշոտյանը:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, համաձայն վիճակագրության` այս տարվա ցուցանիշներով` 16 օլիմպիական մեդալ, Հայաստանի թիմը, Խորհրդային Միության նախկին երկրների, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի հետ համատեղ, կիսում է 5-7-րդ տեղերը: ԱՊՀ երկրների շարքում, ըստ նախարարի, Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ մեկ շնչին ընկնող մեդալների քանակով` 2-3-րդ տեղերը:
Անդրկովկասի մյուս երկու երկրների` Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները զբաղեցրել են համապատասխանաբար 14-րդ և 15-րդ տեղերը: «2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաների արդյունքով` Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ ցուցաբերելով ամենաբարձր արդյունքները»,-ասել է նախարարը:
Եվս մեկ ուրախալի փաստ` այս տարի ընդլայնվել է նաև դպրոցների աշխարհագրությունը` այդ թվում նաև մարզային. փայլուն են հանդես եկել Գորիս և Վանաձոր քաղաքի դպրոցները` ցույց տալով, որ Հայաստանում կրթության որակի վրա կատարվող աշխատանքների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերն իրենց պտուղները տալիս են ոչ միայն օլիմպիական շարժման ավանդական դպրոցներում, այլ նաև մարզային կրթօջախներում:
«Հուսով եմ, որ հաջորդ տարի ավելի մեծ ներկայացվածություն կունենանք մարզերի աշակերտության կողմից»,-ընդգծել է Արմեն Աշոտյանը` հավաստիացնելով, որ այսուհետ ևս նախարարության ուշադրության կենտրոնում են լինելու օլիմպիականների նախապատրաստման և հավաքագրման աշխատանքները, որպեսզի, ապագայում ևս հայ օլիմպիականները լավագույնս ներկայացված լինեն միջազգային օլիմպիադաներում և իրենց ցուցանիշներով ուրախացնեն հայ հասարակությանը:
2012 թվականին «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ և 5 գովասանագիր: Առհասարակ, բոլոր առարկաների գծով այս տարի հայ օլիմպիականները գրավել են մրցանակային տեղեր:
2003 թվականին հայ աշակերտները նվաճել են 11, 2004 թվականին համապատասխանաբար` 14, 2005–ին` 10, 2006-ին` 5, 2007-ին` 8, 2008-ին` 5, 2009-ին` 7, 2010-ին` 7 և 2011-ին` 6 մեդալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա