Քոչարյանը հույս ունի, որ Ծառուկյանը կհաղթի
«Ժողովուրդը» գրում է, որ երեք օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Կոնյակի գործարանում ԲՀԿ-ականները հերթական հավաքն են արել: Թերթի տեղեկություններով՝ «այն շատ բուռն ընթացք է ունեցել, քանի որ ԲՀԿ-ականներն այդպես էլ չեն կողմնորոշվում` ինչ անել։ Նրանց մի մասը պնդում է, թե անհրաժեշտ է, որպեսզի Գագիկ Ծառուկյանն անձամբ առաջադրի իր թեկնածությունը, մի մասն էլ կարծում է, որ պետք չէ ռիսկի դիմել, իսկ Ծառուկյանը լռում է։ Բանն այն է, որ և Սերժ Սարգսյանին, և Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու է, որպեսզի Ծառուկյանն անձամբ առաջադրվի. Սարգսյանին անհրաժեշտ է ուժեղ թեկնածուի իմիջ ունեցողին հաղթել, իսկ Քոչարյանը հույս ունի, որ միայն Ծառուկյանը կհաղթի Սարգսյանին»։ Թերթի աղբյուրները հաղորդում են, որ Ծառուկյանն այս պահի դրությամբ հակված չէ առաջադրվել: