Օրանժն ավարտում է ծրագիրը. Արմավիրի մարզում ակնային ստուգումներ են անցել 1.200 երեխաներ
Արմավիրի մարզով ավարտվում է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի 2012 թ. ծրագիրը, որի նպատակն էր ՀՀ մարզերի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմավիրի մարզում ակնային ստուգումներ են անցել 7,000 բնակիչներ, որոնցից 1,200-ը` երեխաներ: Շուրջ 2,000 մարդու համար դուրս են գրվել ակնոցներ: Մարզի ինը դպրոցներում 505 երեխաների համար կազմակերպվել են աչքի խնամքի հանրակրթական դասընթացներ: Արմավիրի մարզում իրականացվող աշխատանքների վերջում (2012 թ. դեկտեմբերի սկիզբ) վիրահատությունների և լազերային բուժումների քանակը կհասնի մոտ 300-ի: Արմավիրի մարզում աշխատանքների համար Orange Հիմնադրամի աջակցությունը ՀԱՆ-ին կազմել է 7.299.730 դրամ:
ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցն աշխատել է Մյասնիկյանում, Արմավիրում և այս պահին հիվանդներին է ընդունում Վաղարշապատում: Մարզի Բաղրամյանի շրջանում ՀԱՆ-ի աշխատանքերին մասնակցել են նաև Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) բժիշկները:
Այսօր Վաղարշապատ է այցելել Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը, ով ներկա է եղել ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցում իրականացվող ակնային զննումներին և վիրահատություններին:
«Արմավիրը վեցերորդ մարզն է, որ մենք այցելում ենք Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին: Միասին մենք կարողացանք օգնել շատ մարդկանց. վերադարձնել աչքի լույսը: Որպես պատասխանատու ընկերություն, որը ներառված է երկրի տնտեսական, ինչպես նաև հասարակական և մշակութային կյանքում` մենք երջանիկ ենք նշել, որ մեր համագործակցությունը կշարունակվի այլ մարզերում, քանի որ գիտակցում ենք, որ իրական փոփոխություն ենք բերում մարդկանց կյանքում»,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի 2011 - 2012 թթ. համատեղ ծրագերի արդյունքում Հայաստանի 6 մարզերում` Արագածոտնում, Շիրակում, Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում և Արմավիրում անվճար բժշկական ծառայություններից օգնվել են 23,364 մեծահասակներ և 5,783 երեխաներ: Աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտություն են անցել 3,055 բնակիչներ, որոնցից 1,900-ն ստացել են անվճար վիրահատություններ և լազերային բուժումներ: Դուրս է գրվել 10,939 ակնոց: ՀՀ մարզերի 36 դպրոցներում 1,944 երեխաներ մասնակցել են աչքի խնամքի հանրակրթական դասընթացների:
ՀԱՆ-ին հաճելի է արձանագրել, որ համագործակցության արդյունքները զգալի կերպով գերազանցել են նախանշված թիրախները: Ընդհանուր առմամբ 2011 - 2012 թթ. ՀԱՆ-ի աշխատանքներին Orange Հիմնադրամի ֆինանսական մասնակցությունը կազմել է 37,719,460 ՀՀ դրամ:
«Գրանցված արդյունքները փաստում են , որ ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի համագործակցությունը զգալի նշանակություն է ձեռքբերում ՀՀ բնակչության ակնային առողջության պահպանման գործում: Մենք շատ կարևորում ենք Orange Հիմնադրամի հետ համագործակցությունը, քանի որ այն մեզ համար ավելի լայնածավալ գործունեության հնարավորություն է ստեղծում: Սա ակցիա չէ, այլ երկրի բնակչությանը որակյալ ակնաբուժական ծառայություններ մատուցելու կարևոր մի նախաձեռնություն: Շնորհակալություն ենք հայտնում Orange Հիմնադրամին բազմահազար մարդկաց անունից և հուսով ենք, որ Հիմնադրամի հետ մեր համագործակցությունը կշարունակվի նաև հաջորդ տարիներին», - ասել է ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
2010 թ. ՀԱՆ-ն իրականացնում է «Անհասության ռետինոպաթիայի ակնային զննումների և բուժման ազգային ծրագիրը» Հայաստանում: Սկսած 2010 թ.` հետազոտվել է շուրջ 1000 երեխա, որոնցից 50-նն ստացել է լազերային վիրահատություն:
2012 թ. ՀԱՆ-ն ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ սկսել է նոր ծրագիր: ՀԱՆ-ը կստեղծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն, որի տեսլականն է մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի և տարածաշրջանի երեխաներին, ինչպես նաև կանխագելել ԱՌ հիվանդության հետևանքով մանկական կուրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում