Հայ գրոսմայստերները խաղացին դատապարտյալների հետ. «Շատերը կարող են նույնիսկ մեզ պարտության մատնել» (տեսանյութ, լուսանկարներ)
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր Էրեբունի քրեակատարողական հիմնարկում շախմատի օլիմպիական եռակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը միաժամանակյա շախմատային սեանս անցկացրին քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող 16 դատապարտյալի հետ: Մրցաշարի մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ չորս լավագույն խաղացողները հնարավորություն ստացան եռօրյա տեսակցության հարազատների հետ: Իրենց հերթին դատապարտյալները նախարարին, գրոսմայստեռներին և Լևոն Արոնյանի մորը` Սեդա Արոնյանին նվիրեցին իրենձ ձեռքով պատրաստած ձեռագործ նկարներ և Էրեբունի քրեակատարողական հիմնարկում գտնվող եկեղեցու 3 մանրակերտ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արայիկ Ստեփանյանը` նման մրցույթը մի միջոց է ընդգծելու, որ դատապարտյալները օտարված չէն հասարակությունից, և, միաժամանակ, մի քիչ դրական լիցքեր հաղորդել նրանց առօրյային: Նա նշեց, որ կալանավայրերում հաճախ են անցկացվում ֆուտբոլի, վոլեյբոլի և շախմատի մրցաշարեր։
«Նման միջոցառումների անցկացումը դրական է անդրադառնում դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վիճակի վրա և նպաստում հասարակությանը նրանց արագ ինտեգրմանը: Վերջին անգամ նման մրցաշար եղել է այդ տարվա մայիսին: Այսօր այստեղ ներկա են քրեակատարողական մի քանի հիմնարկներից լավագույն շախմատ խաղացողները», - ասաց նա` հույս հայտնելով, որ նման միջոցառումներն ու մրցումներն ավանդական կդառնան:
Փոխգնդապետը նաև հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկներում անցկացվում են նաև օտար լեզուների` անգլերենի և ֆրանսերենի դասընթացներ, և ավարտին տրվում են համապատասխան վկայականներ: «Սա ևս մի հնարավորություն է, որ նախկին դատապարտյալները վերգտնեն իրենց տեղը հասարակության մեջ», - ընդգծեց նա:
Գրոսմայստերների և դատապարտյալների շախմատային մրցապայքարին հետևող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը panorama.am-ի լրագրողին ասաց, որ ընդհանուր առմամբ սեանսը անցնում է բավական հետաքրքիր:
«Կա մի քանի հետաքրքիր խաղ`լուրջ դիմադրություն գրոսմայստերներին», - ասաց նա` չբացառելով, որ դատապարտյալ խաղացողների մեջ առաջին կարգ ունեցող լինի: Նախարարի խոսքով` այն, որ երեք լավագույններին կտրվի հարազատների տեսակցության ևս մի հնարավորություն, ավելի է ոգևորում դատապարտյալ շահմատասերներին:
«Իրենց համար հիշարժան է այդ օրը: Բացի այդ` լրացուցիչ խրախուսական մրցանակը պետք է ավելի ոգևորի», - ասաց նա:
Հրայր Թովմասյանը նաև վստահեցրեց, որ նման մրցաշարները կդառնան ավանդական և մոտակա ժամանակներս սպասվում են հանդիպումների`սեղանի թենիս, ֆուտբոլից և այլ սպորտաձևերում:
Իր հերթին գրոսմայստերներ Լևոն Արոնյանը panorama.am-ի լրագրողին հայտնեց, որ ընդհանուր առմամբ դատապարտյալները լավ պատրաստված էին:
«Գոհ եմ այս խաղից: Շատերը կարող են նույնիսկ մեզ պարտության մատնել, մի պահ` վրիպեցինք: Լավ են խաղում, շատերը` հետաքրքիր: Շատ դժվար է ընտրել նրանցից երեք լավագույնններին: Կան չորս – հինգ հոգի, որոնք բավականին լավ են խաղում: Երևում է, որ անցյալում նրանք լրջորեն պարապել են շախմատ, սիրողական մակարդակի չեն», -ասաց օլիմպիական եռակի չեմպիոնը:
Սերգեյ Մովսեսյանն էլ նշեց, որ առաջին անգամ է շախմատ խաղում բանտարկյալների հետ և շատ ուրախ է այս միջոցառմանը մասնակցելու համար:
Նշենք, որ սեանսի սկզբում նախատեսված էր երկարատև տեսակցությամբ պարգևատրել երեք լավագույնններին, որոնց կընտրեին գրոսմայստերները, բայց, հաշվի առնելով բարձր մակարդակը` արդարադատության նախարարի որոշմամբ պարգևատրվեցին չորսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա