Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնելու է Բաքու. Ելույթի ազատ և հավասար հնարավորությունը երաշխավորված է
Մի քանի ժամից «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնելու է Բաքու` մասնակցելու Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային խորհրդաժողովի 7-րդ ասամբլեայի նիստին, որտեղ նաև ելույթ կունենա:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ր. Հովհաննիսյանը:
«Կուսակցությունն այս հրավերը ստացավ Գուրգեն Մարգարյանի մահվան տարելիցին: «Ժառանգությունը» պատասխանեց իր սկզբունքային դիրքորոշմամբ առ այն, որ այն երկիրը, որն ազատ է արձակում ու հերոսացնում է վախկոտ մարդասպանին, արժանի չէ որևէ միջազգային ուշադրության ու մտադիր չէր մասնակցել: Կազմակերպիչները կապի մեջ լինելով «Ժառանգության» հետ` երաշխավորել են ապահովել իմ ելույթի ազատ և հավասար հնարավորությունը, և ես, դիտակելով այդ նոր պայմանները և, որ լիագումար 4-րդ նիստում ելույթ եմ ունենալու, իմ պատգամն եմ բերելու հրապարակ, որոշեցի ընդունել այդ հրավերը»,- մանրամասնեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը:
Նա նաև նշեց, որ պետք է համոզված լինեն, որ շեղում չի լինելու այն եռամիասնությունից, որը եղել է իր հավատարմության օրակարգի առանցքը` քաղաքացիական իրավունք, ազգային շահ և պետության ինքնիշխանություն:
Ր. Հովհաննիսյանն ասաց, որ մեկնում է միայնակ: Նախ` մեքենայով գնալու է Թբիլիսի, այնուհետև արդեն ինքնաթիռով` Բաքու: