Ֆեդերիկո Ֆաջինը Երևանում է. Վաղը նրան կհանձնվի Համաշխարհային ՏՏ մրցանակը
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալված Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը հանդիպել է ՏՏ ոլորտի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ և հանեդես է եկել ինֆորմատիկայի ապագայի մասին դասախոսությամբ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, դոկտոր Ֆաջինը Հայաստան է ժամանել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2012թ. մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակը) ստանալու համար: Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա վաղը ՀՀ նախագահի նստավայրում:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Համաշխարհային ՏՏ մրցանակ» նախաձեռնությանը` այս ոլորտում այն հրաշալի գործիք համարելով բարձր վարկանիշ ունեցող Հայաստանը աշխարհի ՏՏ քարտեզում դիրքավորելու համար: Հայաստանը հսկայական չիրացված ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչի ճիշտ ուղղորդումը , կարող է նպաստել մեր երկրի տնտեսական աճի արձանագրմանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Վստահ եմ, որ տարիներ անց մենք կարձանագրենք, որ այս մրցանակաբաշխության արդյունքում համաշխարհային գիտակրթական և բիզնես միջավայրի ամենալուսավոր և հեղինակավոր մարդիկ, դառնալով մրցանակակիր, եկել են Հայաստան` իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիաների ժամանակակից մշակույթ և ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության իմիջն ու ճանաչելիությունը, որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկիր»,-ասել է մրցանակաբաշխության Գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Համաշխարհային ՏՏ մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է այդ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի: Այս մրցանակաբաշխությամբ Հայաստանն ընդգծում է համաշխարհային ՏՏ միջավայրում զարգացող կենտրոն լինելու իր հավակնությունը:
Դոկտոր Ֆաջինը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի երրորդ դափնեկիրն է: Նախկին դափնեկիրները` Ինտել կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն/տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրետը և “Apple Computer” կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մրցանակով են պարգևատրվել համապատասխանաբար` 2010 և 2011 թթ.-ին:
Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացնում են ՀՀ նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեն և միջազգային ընտրող հանձնաժողովը: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և տեղեկատվական տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից: Մրցանակը ֆինանսավորել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին