Թուրքագետ. Սփյուռքը պետք է մշակի իր ռազմավարությունը միջազգային հանրության հետ աշխատելու համար
Թուրքիան շատ ավելի մեծ ուժով է նախապատրաստվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և թուրքերը հայտարարել են, որ իրենք աշխատելու են հայկական սփյուռքի հետ: Ասուլիսում այս մասին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը, ընդգծելով, որ Հայաստանը նույնպես պետք է նախապատրաստվի 2015թ.` ակտիվ աշխատելով միջազգային հարթակներում:
Թուրքագետի խոսքով, պետք է ինքնակազմակերպվի նաև սփյուռքը, մշակի իր ռազմավարությունը միջազգային հանրության հետ աշխատելու համար: «Ինձ ուրախացնում է անգլերեն լեզվով Հայոց ցեղասպանության թեմայով տարբեր գրքերի լույս ընծայումը, որն այլ ազգերին ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը»,-ասաց բանախոսը:
Ընդհանրապես խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նա նշեց, որ ներկա վիճակն ավելի վատ է, քան եղել է հայ-թուրքական արձանագրություններից առաջ. «Հայ և թուրք դիվանագետներն այսօր նույնիսկ երրորդ երկրներում չեն կարողանա շփվել, քանի որ թուրքերը դա կներկայացնեն որպես երկխոսություն»: