Բաշկիրիայի ԱԺ փոխնախագահը Հայաստանի մասին գիրք է գրել (լուսանկարներ)
«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության հրավերով նոյեմբերի 22-26-ը Հայաստանում է գտնվելու Բաշկիրիայի Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովը:
Կազմակերպության մամուլի ծառայության հաղորդմամբ, այցը տեղի է ունենալու նրա`«Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի առաջին հատորի շնորհանդեսի առիթով: Շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Այն համատեղ կազմակերպում են ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը, Պատմության ինստիտուտը և մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը:
Բաշկիրիայի Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովը իրավագիտ ության դոկտոր է, «Եդինայա Ռոսսիյա» կուսակցության անդամ:
Նրա «Հայաստան. հազարամյակների ուղի» գիրքը հայոց պատմության չափածո շարադրանքն է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը` հիմնված հայոց պատմիչների աշխատությունների վրա: Առաջին հատորը հասնում է մինչև հայոց գրերի գյուտը: Ներկայումս մոսկովյան «Յունիպրես» հրատարակչությունում ընթացքի մեջ են երկրորդ և երրորդ հատորների տպագրման աշխատանքները:
Գրքի մոսկովյան շնորհանդեսը 2011 թ. ապրիլին տեղի է ունեցել Ռուսաստանի պետական գրադարանում, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան Պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի և «Ռուս-հայկական համագործակցության» համատեղ կազմակերպմամբ:
Ռաֆայիլ Զինուրովի գիրքը և դրա ներկայացման արձագանքը հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում Հայաստանի և Բաշկիրիայի միջև համագործակցության հաստատման խթան է հանդիսացել: Ներկայումս ընթացքի մեջ է Բաշկիրիայի նախագահի` Հայաստան այցելության նախապատրաստումը:
Բաշկիրիայում բնակվում է ավելի քան 20 հազար հայ, Ուֆայում 2001 թվականից գործում է հայկական կիրակնօրյա դպրոց: Բաշկիրիայի իշխանությունների կողմից հայ համայնքին Ուֆայում հող է հատկացվել հայկական եկեղեցի կառուցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի