Գ. Բեգլարյան. Մոտ ապագայում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու տեխնիկական ուսումնասիրությունը
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ընդունել է «Ամբեր Կապիտալ ներդրումային կառավարում» ընկերության գլխավոր գործադիր պաշտոնակատար Ջոզեֆ Ուղուրլյանին: Հանդիպմանը ներկա էին նաև «Լևոն Յակուբյան», «Սալինի Գրուպ» շինարարական կազմակերպությունների ղեկավարները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, Ջոզեֆ Ուղուրլյանը, ով «Ամբեր Կապիտալ ներդրումային կառավարում» ընկերության հիմնադիրներից է, նշել է, որ գործունեություն ծավալելով Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Սփյուռքում՝ իրենք հետաքրքրված են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համար առաջնահերթություն հանդիսացող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով, ինչպես նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմամբ:
Նախարարը շինարարական կազմակերպությունների ղեկավարներին տեղեկացրել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Առաջին տրանշի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է սեպտեմբերի 13-ին:
«Այժմ աշխատում ենք Երրորդ և Չորրորդ տրանշի ուղղությամբ։ Արդեն պատրաստ են Երրորդ տրանշի նախագծերը, որոնց համար մրցույթ կհայտարարվի 2013թ. գարնանը»,-նշել է Գագիկ Բեգլարյանը:
Նախարարը ներկայացրել է մայրուղու կառուցման ծրագրի կարևորությունը, նպատակներն ու հեռանկարները:
Շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին հատկապես հետաքրքրել են Հյուսիս-հարավ մայրուղու Երրորդ տրանշի մրցույթի մանրամասները։
Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթուղուն՝ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ մոտ ապագայում սկսվելու է երկաթուղու տեխնիկական ուսումնասիրությունը: Նախարարն ընդգծել է, որ երկաթուղու կառուցումը էական առաջընթաց կբերի Հայաստանի տնտեսությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան