ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր Ֆեդերիկո Ֆաջինին շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) հյուրընկալել էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2012թ. մրցանակի դափնեկիր, առաջին միկրոպրոցեսորի նախագծող, Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինին և նրա տիկնոջը:
Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Ֆեդերիկո Ֆաջինի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Ֆեդերիկո Ֆաջինին շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:
Ֆեդերիկո Ֆաջին hամալսարանում հանդիպել է նաև ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի, բուհի ղեկավար անձնակազմի, ուսանողության ու պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև` այլ բուհերի ղեկավարների և ոլորտային գիտական ինստիտուտների ներկայացուցիչների հետ: Հանդես եկավ մասնագիտական կարճ զեկուցմամբ առաջատար բուհերի ռեկտորների, ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչների, ավագ հետազոտողների, դասախոսական անձնակազմի և ուսանողների համար:
Նշենք, որ մինչ այժմ ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել Apple Computer կորպորացիայի համահիմնադիր և ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2-րդ մրցանակակիր Սթիվ Վոզնյակին, «INTEL» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 1-ին մրցանակակիր Քրեյգ Բարրեթին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն և «Սինոփսիս» ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանին, ՀՊՃՀ Խորհրդի նախկին նախագահ, պետական և հասարակական ականավոր գործիչ Ֆադեյ Սարգսյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին, ՀՀ վաստակաշատ ճարտարապետ, ԳԱԱ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահ Միհրան Աղբաբյանին և Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին: