Բարոյականությունը և սկզբունքայնությունը խորթ են ՀԱԿ համակարգողին
«Մեզ ոչ ոք հավատարմության երաշխիքներ և խոստումներ չի տվել»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու փոխվեց ՀԱԿ-ի վերաբերմունքը ԲՀԿ-ի նկատմամբ, որին ոչ վաղ անցյալում Կոնգրեսը որակում էր որպես «քրեաօլիգարխիկ» համակարգի մի մաս: Այս կապակցությամբ «Голос Армении»-ն գրում է. «Իսկապես, ընդդիմադիր քաղաքական գործիչների պահվածքը դիտարկելիս ծիծաղելի է խոսել բարոյականության և սկզբունքայնության մասին: Ի՞նչն է ստիպել Լևոն Զուրաբյանին Գագիկ Ծառուկյանից հանել «օլիգարխ» որակավորումը:
Եթե պատճառն այն է, որ Գագիկ Ծառուկյանն այլևս իշխանական կոալիցիայի անդամ չէ, ապա Լևոն Զուրաբյանը մոռանում է, որ Գ. Ծառուկյանը շարունակում է մնալ Ազգային Անվտանգության խորհրդի անդամ և շարունակում է լինել Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը»: Մյուս կողմից` թերթը շեշտում է, որ ԲՀԿ-ի առաջնորդին սրբացնելու հարցում Զուրաբյանն, այնուամենայնիվ, մի սխալ է թույլ տվել, քանի որ շեշտել է, որ գրեթե մի քանի ամիս առաջ Գ. Ծառուկյանը «քրեաօլիգարխիկ» համակարգի անդամ էր: «Հետաքրքրականն այն է, որ ԲՀԿ-ի առաջնորդը մինչ օրս չի հայտարարել այն մասին, որ լքում է իշխանական դաշտը և չի հռչակել ԲՀԿ-ն որպես ընդդիմություն»,-նկատում է «ГА»-ն: