Իրանը հաստատում է. Գազայում գործածված ռազմամթերքն իրանական է եղել
Գազայում գործածված ռազմամթերքն իրանական է եղել:
Այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ նշել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին:
ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդականը, հաստատելով «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Սեյյեդ Հասան Նասրօլլահի այն հայտարարությանը, թե Գազայում գործածված բոլոր զենքերը պատկանում են Իրանին և Սիրիային, նշել է. «Սեյյեդ Հասան Նասրօլլահը և Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման պատասխանատուն ավելի քաջատեղյակ են Լիբանանում և Պաղեստինում ծավալված իսլամական պայքարի պատմությանը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր հնարավոր միջոցներով Լիբանանի, Պաղեստինի, ինչպես նաև աշխարհի որևէ կետում գտնվող իսլամի համար պայքարող մարտիկին օգնություն է ցուցաբերում»:
Նշենք, որ իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնը, անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան վերջին հակամարտությանը, նշել է. «Գազայի պատերազմն ոչ թե հակամարտություն էր Իսրայելի և Պաղեստինի միջև, այլ իրականում, դա պայքար էր Իրանիև Իսրայելի միջև: Գազայի պատերազմով Իրանն Իսրայելի ռազմական կարողությունն էր ստուգում: Այդպիսով` Իրանն Իսրայելին հասկացրեց, որ եթե վերջինս հարձակվի իր միջուկային հաստատությունների վրա, ապա Իրանը կարող է երկու ճակատով՝ պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջոցով հակահարված տալ Իսրայելին:
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղխորհրդի նախագահ Խալեդ Մաշալն էլ,
Պաղեստինի և Իսրայելի միջև հաստատված հրադադարից հետո, անդրադառնալով Իրանի՝ Պաղեստինին ցուցաբերած աջակցությանը, նշել է. «Չնայած Սիրիայի հարցում Իրանի հետ ունեցած մեր տարաձայնություններին՝ Իրանն Իսրայելի դեմ պայքարում ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերեց»: