Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան տեղափոխելու հետ կապված թղթաբանական հարցեր են առաջացել
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչությունը մշտապես կապի մեջ է կյանքից անժամանակ հեռացած ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մերձավորների, հարազատների հետ` քննարկելու երգչուհու դին Հայաստան տեղափոխելու վերաբերյալ հարցերը:
Panorama.am-ին այս մասին հայտնեց նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Ալլա Սերոբյանը: Նրա խոսքով, հարազատները ցանկանում են` երգչուհու հուղարկավորությունը տեղի ունենա հայրենիքում, սակայն այս պահին թղթաբանական ինչ-ինչ հարցեր կան:
«Մենք այս պահին սպասում ենք պաշտոնական հաստատումի, Հայաստան բերելու ցանկություն կա, ամբողջ խնդիրն այն է, որ թղթաբանական խնդիրներ են առաջացել: Այնտեղ հարազատները պետք է հասկանան ինչ վիճակ է, հետո նոր հաստատեն բերել-չբերելու հարցը»,-ասաց Ա. Սերոբյանը:
Եթե առջացած խնդիրները կարգավորվեն, ապա Ա. Սերոբյանի խոսքով, վարչապետի հրամանով կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով` հոգեհանգստի, հուղարկավորության տեղի հետ կապված հարցերը որոշելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի հիվանդանոցներից մեկում կյանքից անժամանակ հեռացավ հայ երգարվեստի մեր օրերի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը:
Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին՝ Գյումրիում: Դպրոցին զուգահեռ ավարտելով Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը՝ Երևանի պետական կոնսերվատորիայում ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել է Երևան: 1973 թ-ից նրա երգը հնչել է հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ: Երգչուհին հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում և հայ երգը տարածել ամենուր: 1997-2001 թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև, 2002 թ.-ին Հոլիվուդում և Բրբենքում հիմնել «Կոմիտասի» անվան երաժշտական դպրոցներ: 2006-2007 թթ.-ին առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է «Կոմիտաս» համահայկական միջազգային երգի մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա` Հայաստանից և արտերկրից: 2007թ.-ին հիմնել է «Արտիստները հանուն խաղաղության» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելով Հայոց Ցեղասպանությանը և աշխարհում տեղի ունեցած ոճրագործություններին ոչ` «Այլևս երբեք» ասելու: 2011թ.-ի նոյեմբերի 1-ին Լոս-Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում տեղի ունեցած համերգին մասնակցել են Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բեննեթը, Բոբի Բրաունը և ուրիշներ: Համերգի ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանն արժանացել է Միացյալ Նահանգների կոնգրեսմեն Բրեդ Շերմանի հատուկ պատվոգրի` հայ համայնքին առանձնահատուկ և անգնահատելի ծառայություններ մատուցելու և երգի միջոցով համայն աշխարում խաղաղության կոչ անելու համար: Նրա կատարմամբ հայ երգը հավերժ կապրի ոչ միայն հայ, այլև օտարերկրյա հանդիսատեսի հիշողության մեջ:
Սիրված երգչուհու մասին կարող եք կարդալ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները