Անկողմնակալ լրատվամիջոց չկա. Արևմտյան առաջատար մասնագետները` լրագրության մասին
Գազայի հատվածում իսրայելապաղեստինյան հակամարտության, ինչպես նաև զոհերի վերաբերյալ լուսաբանումներում արևմտյան լրատվամիջոցները մեծ մասամբ կողմնակալ դիրքորոշում են ցուցաբերում:
Եվրոպական Միության օժանդակությամբ Երևանում լրագրողների համար անցկացված «ENPI:BBC News Reporting» եռօրյա դասընթացների ժամանակ հայ լրագրողները հենց «BBC»-ի այդպիսի մի լուսաբանման օրինակ ցույց տվեցին դասընթացը վարող Ջիլիան Հոքինգին (Jillian Hocking), որը ABC-ի նախկին լրագրող է, երկար տարիներ աշխատել է «BBC»-ի համար, եղել է բրիտանական լրատվամիջոցի սեփական թղթակիցը Աֆղանստանում:
Մասնավորապես, օրերս հակամարտության մասին լուրերից մեկի մեջ «BBC»-ն գրել էր, որ 3 իսրայելցի սպանվել է Գազայի հատվածում, իսկ պաղեստինցի զոհերի վերաբերյալ նշել էր «մահացած» բառը»:
Այդ կապակցությամբ, հայ լրագրողներին դաս տվող մասնագետն ասաց, որ սա «100%-ով անհամաչափ լուսաբանում է», որի դեպքում օգտագործվել է «պասիվ լեզուն» (passive language): Ասաց, որ դա «փայլուն օրինակ» է առ այն, որ լրատվամիջոցները կողմնակալ են և որ լեզուն շատ մեծ նշանակություն կարող է ունենալ լուսաբանման հարցում: «Չկա անկողմնակալ լրատվամիջոց, բոլոր լրատվամիջոցներն էլ կողմնակալ են: Եթե կապիտալիզմի տեսանկյունից նայենք, ապա լրատվամիջոցը մի ձեռնարկություն է, որի նպատակն է փող աշխատելը և պետք է այնպես անի, որ իր հաճախորդները բավարարված մնան: Ցանկացած լրատվամիջոց ունի կողմնակալություն` մշակութային աշխարհագրական առանձնահատկություններից ելնելով», -ասաց տիկին Հոքինգը:
Օրինակ, Իրանում տեղի ունեցածի վերաբերյալ նորություններին ծանոթանալու համար ինքը չի հետևում միայն ամերիկյան լրատվամիջոցներին: «Նայում եմ PressTV և ասենք, Fox news և հետո միայն հասկանում եմ` ինչ է կատարվում իրականում, հասկանում` որտեղ է ճշմարտությունը», - նկատեց Ջիլիան Հոքինգը:
Նրա խոսքով, «BBC»-ի խնդիրն է «երջանիկ դարձնել» կառավարությանը, փող աշխատել, «կենդանի մնալ»: «Որպես պատասխանատու լրագրողներ, մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք հարցերը լուսաբանում: Մեկ տարի աշխատելով Աֆղանստանում, ես հասկացա, թե ինչքան կողմնակալ են լուսաբանում արևմտյան լրատվամիջոցներն այդ դեպքերը», -հավելեց մասնագետը` հայ լրագրողներին հորդորելով բոլոր լուսաբանումները կարդալիս հասկանալ նաև դրանց տողատակերում գրվածը:
Ցույց տա՞լ դիակներ եթերում, թե՞ ոչ
Լրագրողների համար դասընթացը վարող «BBC»-ի նախկին լրագրող, այժմ դասընթացների շրջանակներում իր փորձը այս կամ այն երկրի լրագրողներին փոխանցող Ռասել Փիսգուդը (Russel Peacegood) բրիտանական լրատվամիջոցում աշխատել է երկար տարիներ ու վարպետացել հեռուստատեսային լրագրության ոլորտում: Նա ասաց, որ իրենք «BBC»-ում ունեցել են մեկ հստակ քաղաքականություն` եթերում դժբախտ պատահարների ժամանակ դիակներ չցուցադրել:
«Այդ հարցում մենք պահպանողական ենք: Օրինակ, Բոսնիայի դեպքերի ժամանակ մենք հրաժարվեցինք մարդկանց դիակներ ցուցադրել եթերում և դրա համար մեզ սկսեցին քննադատել, բայց մենք դիմացանք դրան», -ժպտալով նկատեց Ռասելը:
Նա ասաց, որ «BBC»-ի քաղաքականությունն է փոխանցել իրականությունը, փաստը, «այլ ոչ թե ցույց տալ դիակներ»: «Իսկ եթե հանկարծ այդ հաղորդումը երեխաներ դիտե՞ն»,- հարցադրում է անում նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են