Թուրքիայի անվտանգությունը, ՆԱՏՕ-ն և ՀՕՊ-ի ընտրությունը
Թուրքիայի համար տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից բարդ ժամանակաշրջան է սկսվել, և ժամանակին հաշվարկված սցենարներն ու հարացույցները, կարծես, շեղվում են «բուն ուղեգծից»:
Թուրքիան իր սեփական հավակնությունների ու գերագնահատված հնարավորությունների առումով այնքան հեռու է գնացել, որ իրավիճակը լարվում է այդ երկրի տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից: Մերձավոր Արևելքում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, մեծ հաշվով, զուգորդվում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմավարության հետ: Այլ հարց է, որ Թուրքիան ձգտում է ինքնուրույն խաղացողի դերակատարության, սակայն նրա հնարավորությունները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պարագայում գնալով սահմանափակվում են:
Մյուս կողմից, Թուրքիան իր տարածաշրջանային «ակտիվ» քաղաքականության հետևանքով ձեռք է բերում նոր ռիսկեր ու մարտահրավերներ, և այդ գործընթացներում Անկարայի «լուրջ» ներգրավվածությունն այլևս հնարավորություն չի տալիս հետքայլ կատարելու, իսկ տարածաշրջանում առկա իրավիճակը և հետագա միտումներն էլ ավելի կարող են խորացնել Թուրքիայի համար առանց այն էլ բարդ խնդիրները: Այս համատեքստում վերջին շրջանում թուրքական և միջազգային ԶԼՄ-ներն ու տարբեր վերլուծական շրջանակներ խոսում և քննարկում էին Թուրքիայում ամերիկյան հեռահար հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման հնարավորության մասին:
Օրերս հրապարակված տեղեկատվության համաձայն` ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ բավարարել են Անկարայի հայցը՝ Թուրքիայի տարածքում` Սիրիայի հետ սահմանին, ամերիկյան «Patriot» համալիրներ տեղակայելու մասին: Նոյեմբերի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Ա. Դավութօղլուն հայտարարեց, որ թուրքական կողմը համաձայնության է եկել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ և ՀՕՊ համալիրների ձեռքբերման բանակցությունները մոտենում են ավարտին: Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի հետ բանակցությունները դեռ այս հարցի շուրջ վաղուց էին ընթանում:
Նախ, ինչպես և պետք էր սպասել, Դավութօղլուն ՀՕՊ համալիրների տեղակայումը կապել է սիրիական ճգնաժամի հետ` Սիրիայից հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու անհրաժեշտության նպատակով: Սակայն նման միջոցների տեղակայումը Թուրքիայում ունի ավելի խորքային բնույթ և առնվազն չի սահմանափակվում սիրիական գործոնով: Սիրիան չի կարող ռազմական տեսանկյունից այնպիսի սպառնալիք ներկայացնել Թուրքիային, ինչի անհրաժեշտությունը կբերի հեռահար ՀՕՊ համալիրների տեղակայման: Խնդիրն այստեղ ավելի խորքային է և ունի իր նախապատմությունը: Նախ, Թուրքիայի համար լուրջ մարտահրավեր է ներկայացնում Իրանի կողմից հրթիռային տեխնոլոգիաների զարգացումը, միջուկային ոլորտում իրանական ծրագրերն ու տարածաշրջանային զարգացումների անկանխատեսելիության գործոնը: Փաստ է, որ Թուրքիան որոշակի խանդով է վերաբերում հրթիռների արտադրության ոլորտում Իրանի հաջողություններին: 2011 թ. դեկտեմբերին կայացած Գիտության և տեխնոլոգիայի բարձրագույն խորհրդի ժողովի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանը, օրինակ բերելով իրանական հրթիռների հեռահարությունը, անթույլատրելի էր համարել թուրքական կողմի հապաղումն այդ հարցում և բարձրաձայնել տեղական միջոցներով դրանց արտադրության անհրաժեշտության մասին:
Հարկ է նշել, որ Թուրքիայի ՀՕՊ միջոցները բավական հին են: Մինչև օրս թուրքական բանակում մարտական հերթապահության մեջ չկան մեծ հեռահարության ՀՕՊ համալիրներ: Թուրքիայի օդային տարածքը հսկում են փոքր հեռահարության Rapier, Stinger, Atılgan և Zıpkın, ինչպես նաև միջին հեռահարության I-Hawk արդիականացված զենիթա-հրթիռային համալիրները: ՀՕՊ հեռահար համակարգերի ձեռքբերման համար դեռևս 2006 թ. Թուրքիայի կողմից հայտարարվեց միջազգային մրցույթ, որի մասնակցության հայտ ներկայացրեցին ամերիկյան (Patriot)-ը, ռուսական (С-300ПМУ-2 Фаворит)-ը և ամերիկա-իսրայելական համատեղ արտադրության (Arrow-2) համալիրները: Թուրքիան նախատեսում է ձեռք բերել մեծ հեռահարության համալիրներ, որոնց վերջնական որոշումը դեռևս կայացված չէ: Երկար ժամանակ բանակցություններ էին ընթանում նաև ռուսական կողմի հետ` ռուսական արտադրության միջոցների ձեռքբերման հնարավորության հետ կապված: Նույնիսկ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն հանդիմանեցին Թուրքիային` հասկացնելով, որ նա ձեռնպահ մնա ռուսական ՀՕՊ միջոցներ գնելուց: Իրավիճակը որոշակիորեն այս առումով հստակեցվեց և պարզ դարձավ հատկապես 2010 թ., երբ Թուրքիայի հեռահար ՀՕՊ համակարգի զարգացման առումով բավական լուրջ քայլ կատարվեց, և Թուրքիան միացավ ՆԱՏՕ-ի եվրոպական միասնական ՀՀՊ համակարգին`համաձայնելով իր տարածքում տեղակայել ՀՀՊ ռադիոտեղորոշման կայան: Ակնհայտ է, որ ինտեգրացված ՀՕՊ-ՀՀՊ համակարգի ստեղծման տրամաբանությունը հուշում է, որ Թուրքիան արդեն իսկ որոշում է կայացրել հօգուտ ամերիկյան համալիրների, այլ հարց է, որ քաղաքական նկատառումներից ելնելով դեռևս չի հրապարակվում` մասնավորապես նման բարդ իրավիճակում Ռուսաստանին ևս մեկ անգամ «չնեղացնելու» նպատակահարմարությունից ելնելով:
Ստացվում է, որ ՆԱՏՕ-ի կողմից Թուրքիային «Patriot» ՀՕՊ համալիների տեղակայումը զուտ կարճաժամկետ, մարտավարական քայլ է` օգտագործելով «սիրիական սպառնալիքի» ստեղծած հնարավորությունը` Իրանի կոշտ վերաբերմունքն ու հակազդեցությունը մեղմելու համար, ինչը եղավ ՆԱՏՕ-ի միասնական ՀՀՊ ռադիոտեղորոշիչ կայանի շուրջ զարգացումներում: Նման միջոցներով Թուրքիային մատակարարելը ավելի երկարաժամկետ, ռազմավարական բնույթ է կրում, իսկ սիրիական ճգնաժամը տալիս է այն փոքրիշատե քողարկելու հարմար առիթ: Հեռահար համալիրների տեղակայումը Թուրքիայում կապված է առավելապես ՆԱՏՕ-ի միասնական ՀՀՊ համակարգի հետ, իսկ հետագայում թուրքական կողմը կհայտարարի արդեն իր սեփական ՀՕՊ համալիրների ընտրության մասին, որը չի կարող շեղվել վերոնշյալ համակարգի տրամաբանությունից:
Լևոն Հովսեփյան, թուրքագետ
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են