Մխիթարյան Միաբանությունում տոնել են Հայ տպագիր գրքի 500-ամյա հոբելյանն ու Մխիթարյան տպարանի հիմնադրման 200-ամյակը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառման շրջանակներում նոյեմբերի 22-ին Վիեննայի Մխիթարյան Միաբանությունում տեղի է ունեցել Հայ տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին և Վիեննայում Մխիթարյան տպարանի հիմնադրման 200-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միջոցառման կազմակերպիչներն են եղել Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և Մխիթարյան Միաբանությունը` Վիեննայի Հայ առաքելական եկեղեցական վարչության օժանդակությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել Ավստրիայի նախագահական նստավայրի, կառավարական շրջանների, ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, պատգամավորներ, Վիեննայի քաղաքապետարանի և Վիեննա քաղաքի շրջանային ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ, քաղաքագետներ, հասարակական շրջանների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Ավստրիայում, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում հավատարմագրված ավելի քան 20 երկրների դեսպաններ, ավստրիահայ համայնքային կազմակերպությունների ղեկավար և շարքային անդամներ, Հայ առաքելական եկեղեցու Հայրապետական պատվիրակ և հոգևոր հովիվ Տեր Անդրիաս քահանա Իսախանյանը և եկեղեցական վարչության նախագահ Հայկ Ասենբաուերը:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ավստրիայում, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում և Վիեննայում հավատարմագրված այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Մխիթարյան միաբանության Վիեննայի մասնաճյուղի առաջնորդ Հայր Պողոս Գոճանյանը, Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Ժասմին Դում-Թրագուտը: Դեսպան Կիրակոսյանը, ի թիվս նշանավոր հոբելյանների, իր ելույթում անդրադարձել է ընթացիկ տարում նշվող Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանին և այդ կապակցությամբ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության` այս տարվա հունիսին Հայաստան կատարած պաշտոնական այցին:
Միջոցառման շրջանակներում Մխիթարյան թանգարանում կազմակերպվել է Հայ հնատիպ գրքի ցուցահանդես, ուր ներկայացված են 1512 թվականից ի վեր աշխարհի տարբեր վայրերում հրատարակված և Միաբանության թանգարանում պահվող հայ գրատպության նշանավոր նմուշները:
Դեսպանության ջանքերով կազմակերպվել է նաև համերգային ծրագիր` Ավստրիայի Գրաց քաղաքի Արվեստների համալսարանում 2007 թվականին հիմնադրված լարային քառյակի և Երևանից ժամանած երիտասարդ երգչուհի Էկա Հորստկայի մասնակցությամբ: Կատարվել են Կոմիտասի, Գրիգոր Նարեկացու և Բաղդասար Դպիրի ստեղծագործությունները:
Միջոցառման ավարտին Մխիթարյան միաբանության հանդիսությունների սրահում Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է ընդունելություն` ի նշանավորումն հոբելյանական իրադարձությունների:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները