Վաճառքի է հանված «Արմավիայի» որոշակի մասնաբաժին
Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունն ամբողջությամբ չի վաճառվում, որոշակի մասնաբաժին է վաճառքի հանված, իսկ գնորդները շատ-շատ են։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասել է ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։
Գնորդների մեջ կան տարբեր ընկերություններ ու տարբեր ազգեր. «Մեզ համար ամենակարևորը, որ առաջարկությունների փաթեթն այնպիսին լինի, որ գործարքը կնքելուց հետո Հայաստանի համար որպես գործընկեր էլ ձեռնտու լինի տվյալ ընկերությունը»։
Գնորդների մեջ կա նաև իտալական ընկերություն, որի մասին բազմիցս ակնարկվել է մամուլում, սակայն, ըստ մամուլի քարտուղարի, նրանց առաջարկած ծրագիրն ամենավատն է եղածների մեջ։
Թերթի հարցին՝ արդյոք պարտքե՞րն են պատճառը, որ ազգային ավիափոխադրողի բաժնեմասերը վաճառքի են հանվել, Նանա Ավետիսովան ասաց, որ դա սեփականատիրոջ՝ Միխայիլ Բաղդասարովի գործն է, իսկ մամուլի քարտուղարն իրավասու չէ նման հարցի պատասխանել։