Հայաստանի նախագահի թիկնազորի կամ նրան սպասարկող ավտոմեքենաների հետ որևէ միջադեպ տեղի չի ունեցել. Պարզաբանում է Արզումանյանը
Հայաստանի նախագահի թիկնազորի կամ նախագահին սպասարկող ավտոմեքենաների հետ որևէ միջադեպ տեղի չի ունեցել»: Պարզաբանելով «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված տեղեկությունը, այսօր նման հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը:
Նրա խոսքով, այդ պատահարը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի թիկնազորի հետ որևէ առնչություն չունեցող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հետ, որը ՀՀ ՊՊԾ-ում օգտագործվում է ընթացիկ աշխատանքների համար:
«Ժողովուրդ»-ը այսօր տեղեկացրել էր, որ նոյեմբերի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:
Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) թերթի հետ զրույցում հաստատել է լուրը։ «Մեր աշխատակիցները երեկ գիշեր, օդանավակայան գնալու ճանապարհին՝ Կոնյակի գործարանի ճանապարհի վրա են եղել, և մի համընթաց մեքենա է եկել, որի միջից կրակել են մեր մեքենայի վրա՝ մեր ծառայության մեքենայի։ Պարզվել է, որ այդ վարորդը Էջմիածնի բնակիչ է, որը հենց մեքենայի միջից կրակել է մեր մեքենայի ուղղությամբ։ Ոստիկանությունը տեղյակ է, և շատ օպերատիվ էլ աշխատել են, իսկ հանցագործն էլ արդեն հայտնաբերվել է»,-նշել է ՊՊԾ պետը։
Քիչ առաջ ոստիկանության լրատվական ծառայությունը տարածեց հաղորդագրություն, որով ներկայացրել էր կատարվածի մանրամասները: Ըստ այդմ, նոյեմբերի 21-ին նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Աշոտ Կ.-ն, ում ձախ ոտքի շրջանում հայտնաբերվել է հրազենային վնասվածք, և բժշկական օգնություն ստանալու նպատակով նրան տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Աշոտ Կ.-ն հայտնել է, որ չի հիշում՝ ինչ է տեղի ունեցել իր հետ: Նույն օրը նրա ձերբակալելու մասին որոշում է կայացվել:
Փաստի առթիվ նոյեմբերի 21-ին ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները