ՀԱԿ-ը Լյովիկի գրպանում է
Լյովիկ Զուրաբյանը, ում քաղաքական ու ոչ քաղաքական կարիերան պայմանավորված է բացառապես Հրանտ Մաթևոսյանի փեսան լինելու հանգամանքով, իր անձնական ազդեցության տակ գտնվող ԼՄ-ներով համառորեն առաջ է մղում ՀԱԿ-ի բարգավաճման գաղափարը:
Բանը հասել է նույնիսկ այնտեղ, որ ՀԱԿ-ում արմատական տրամադրված շրջանակները նրան պարզապես «ԲՀԿ-ի մարիոնետկա» են անվանում` մոռացության մատնելով անուն-ազգանունը: Օգտվելով առիթից, որ ՀԱԿ-ում որոշումների կայացման իրավունք ունեցող միակ անձը շարունակում է հերթական «լռության տասնամյակը»` Լյովիկ Զուրաբյանը ստանձնել է ՀԱԿ-ի գոյություն չունեցող որոշումները ծանուցողի ու տարածողի դերն ու այդ միջոցով ունեցած չնչին ազդեցությունը կանխիկ գումարի վերածելու (և գրպանելու) ֆունկցիան:
Եվ քանի որ գիտակցվել է, որ որպես անհատ ինքը երբեք ու ոչ մի դեպքում չի իրացվելու քաղաքական դաշտում (վկան` ԱԺ ընտրությունների ժամանակ մեծամասնականով ստացած ձայների քանակը), ու հասկանալով, որ ՀԱԿ-ից դժգոհություններն օրեցօր ավելանում են ոչ միայն ընդամենը վերջերս ձայն տված քաղաքացիների շրջանում, այլև անգամ սեփական շարքերում, ու նաև այն, որ նախընտրական շրջանում այդ ուժը պառակտվելու է և իրավիճակը դուրս է գալու վերահսկողությունից, տեխնոկրատ Լյովիկը, առանց կաշկանդվելու «վարձու պոլիտիկան» պիտակից, փորձում է առավելագույնը քաղել իրավիճակից:
Հավանորեն հաշվի է առնվել հանգամանքը, որ շատերն են քաղաքական դաշտում միաժամանակ մի քանի տիրոջ մոտ վարձու աշխատանք կատարել ու ջրից չոր դուրս եկել: Իսկ ինչը պիտի խանգարի, որ բախտն իրեն էլ ժպտա ու առանց այդ էլ արժեզրկված ՀԱԿ-ի իրացումից ստացվող կոնկրետ գումարները հայտնվեն իր` Մաթևոսյանի փեսայի, այլ ոչ` մեկ ուրիշի գրպանը:
Եվ, քանի որ, ախորժակը ուտելուց է բացվում, Լյովիկը սկսել է ձևականությունների հետևից չընկնել ու ֆինանսների առատ աղբյուրը չցամաքեցնելու մոլուցքից դրդված ՀԱԿ-ի անդամներին կտրուկ արգելել է կարծիք հայտնել այդ աղբյուրի մասին: Ստացվում է, որ մարդու խնդիրը ոչ թե ժողովրդավարությունն ու անձի իրավունքներն են, այլ կոնկրետ իր գրպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա