Դ. Բաբայան. Արցախի օդանավակայանում իրականացվող վիրտուալ թռիչքներին կհետևեն տեխնիկական թռիչքները
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, թե «Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը տվյալ իրավիճակում լարվածություն կառաջացնի կողմերի միջև»՝ ընդգծելով, որ խնդիրը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով ունեցած փորձը: Արցախի օդանավակայանի ու տարաբնույթ մեկնաբանությունների առնչությամբ Panorama.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարոն Բաբայան, ինչպե՞ս կմեկնաբանեք ռուս համանախագահի հայտարարությունը, ի՞նչ է վերջինս դրանով փորձում ասել:
-Ռուս համանախագահը փաստել է այն իրավիճակը, ինչը գոյություն ունի, դա երկուստեք լարված հարաբերություններն են: Սակայն այդ լարվածությունն Ադրբեջանն է արհեստականորեն լարում: Ադրբեջանի հիստերիան նոր երևույթ չի և այն շարունակվելու է: Այդ առումով պարոն Պոպովը ոչ մի նոր բան չի ասել:
-Համանախագահի հայտարարության տպավորությունները տարբեր են, ի վերջո ինչպե՞ս եք տեսնում օդանավակայանի շուրջ ստեղված իրավիճակի լուծումը:
-Ի՞նչ հայտարարություն է արվի, մեկ է՝ օդանավակայանը շահագործվելու է: Չպետք է մոռանանք, որ համանախագահները ավելի վաղ հայտարարել էին, որ անթույլատրելի են համարում քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ռազմական ուժի հնարավոր կիրառումը, ինչը նշանակում է, որ համանախագահները կիսում են մեր մոտեցումները:
Համանախագահները կիսել են մեր մոտեցումը, որ սա քաղաքականացված գործընթաց չէ, սա քաղաքական ձեռնարկ չէ, սա ուղղակի մարդասիրական, տնտեսական նշանակության օբյեկտ է: Եվ այստեղ նրանք ամբողջությամբ կրկնել են այն, ինչ մենք ասում ենք: Ուղղակի այստեղ պետք է զգացմունքային չլինել: Փորձենք հասկանալ թե իրոք ինչ է կատարվում:
-Արդյո՞ք օդանավակայանի շահագործումը լրացուցիչ լարվածություն կառաջացնի:
-Ադրբեջանի լարվածություն ստեղծելու համար անընդհատ առիթ ստեղծում է, իսկ օվանավակայանի շահագործումը ուղղակի նրա համար ևս մեկ առիթ է՝ հիստերիա բարձրացնելու: Իրականում լարվածություն առաջացնում է մարդասպանի արտահանձնումն ու ներում շնորհելը, հերոսի կոչում տալը, ադրբեջանական կողմը թող բարի գտնվեր նման միջադեպերի մասին մտածեր:
-Իսկ ե՞րբ է նախատեսված օդանավակայանի շահագործումը:
-Ներկայումս չնչին տեխնիկական հարցեր են մնացել, սակայն ներկայումս համակարգչային հատուկ ծրագրի միջոցով վիրտուալ թռիչքներ են իրականացվում: Արդեն իսկ 800 նման թռիչք է իրականացվել, իսկ դրան կհետևեն տեխնիկական թռիչքները:
Մենք շտապելու խնդիր չունենք, քանի որ կրկնում եմ, եթե մենք շտապում ենք, ուրեմն ստացվում է մենք քաղաքականացնում ենք գործընթացը, իսկ մենք չենք քաղաքականացնում, քանի որ մենք ասում ենք սա տեխնիկական, մադասիրական, սոցիալ-տնտեսական բնույթի գործընթաց է, իսկ եթե շտապում ենք, ուրեմն` ինչ-որ քաղաքական նպատակներ ունենք:
-Պարոն Բաբայան, ի՞նչ նոր մոտեցումներ կան բանակցային գործընթացում, ի՞նչ է քննարկվել համանախագահների և ԼՂՀ նախագահի վերջին հանդիպման ընթացքում:
-Ղարաբաղյան կողմն առաջարկել է լարվածության թուլացման ու կողմերի միջև վստահության ստեղծմանն ուղղված քայլեր իրականացնել: Մասնավորապես, մենք փորձում ենք պայմանավորվածություն ձեռք բերել գոնե տոնական օրերին երկու կողմից հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ, քանի որ որպես կանոն, նման օրերին հրադադարի ռեժիմի խախտումներն առավել շատ են լինում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա