ԵԽ նախարարների կոմիտեում 2013-ին նախագահությունը կստանձնի Հայաստանը. Ստրասբուրգում դրա վերաբերյալ հարցեր են քննարկվել
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը երեկ ժամանել է Ստրասբուրգ՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը մասնակցելու նպատակով:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, պատվիրակության կազմում էին նաև ԵՊՀ և ԵՃՇՊՀ ռեկտորներ Արամ Սիմոնյանը և Հովհաննես Թոքմաջյանը:
Նույն օրը կայացել է Արմեն Աշոտյանի և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպումը, որին ներկա էր նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը:
Հանդիպման ընթացքում նախարար Աշոտյանը ներկայացրել է կրթության և գիտության բնագավառում Հայաստանի ձեռքբերումները և բարեփոխումների ընթացքը: Նախարար Աշոտյանը գոհունակությամբ նշել է, որ կրթության և գիտության բնագավառում ԵԽ հետ հաստատվել են արդյունավետ և գործընկերային հարաբերություններ, որոնց նպատակն է կրթության բնագավառն առավելապես ինտեգրել եվրոպական կրթական համակարգին, ինչը փոխլրացնում է նաև Բոլոնիայի գործընթացում Հայաստանի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը:
ԵԽ Գլխավոր քարտուղարը, ողջունելով նախարարին, բարձր է գնահատել Հայաստանում կրթության և գիտության բնագավառի բարեփոխումների ընթացքը՝ վստահեցնելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ:
Նախարար Աշոտյանը և Գլխավոր քարտուղար Յագլանդն այլ հարցերի շարքում մտքեր են փոխանակել 2013թ. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության, ինչպես նաև ներքաղաքական և տարածաշրջանային հարցերի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան