Ծառուկյանը ծննդյան օրը կնշի ու կհայտարարի
«Հրապարակը» գրել է. «ԲՀԿ-ի մոտ օրինաչափություն է դառնում մի քանի օր շարունակ քաղխորհրդի նիստեր անցկացնելու պրակտիկան։ Եվ նախորդ օրը, և երեկ «կանյաչնիում» ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստեր է արել։ Մասնակցել են հիսունական մարդ՝ պատգամավորներ և մարզային կառույցների ղեկավարներ։
Երկու օրվա նիստերի օրակարգում էլ նույն հարցն է եղել. ի՞նչ են մտածում շարքերն ու պատգամավորներն առաջիկա նախագահական ընտրությունների և Ծառուկյանի առաջադրման մասին։ Բոլոր մարզային կառույցների ներկայացուցիչները հատ-հատ ներկայացրել են իրենց տեսլականը մասնակցության մասին, պնդել, որ պետք է ներկայանալ բացառապես սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը։ Օսկանյանին ոչ մեկը չի մատնանշել։ Սերժ Սարգսյանի մասին, ըստ մասնակիցների, որևէ բառ՝ «լավ կամ վատ», չի հնչել։
Ծառուկյանն ասել է, որ իր որոշումն արդեն կայացրել է, սակայն որևէ բառ այդ որոշման մասին չի արտաբերել, ԲՀԿ-ի արմատական տրամադրված մասը հասկացել է, որ Ծառուկյանն անպայման առաջադրվելու է, ոչ արմատական մասը դեռ հույս ուներ, որ «հնարավորությունը հիսուն-հիսուն է»։ Ծառուկյանն ասել է նաև, որ որոշումը կհրապարակի իր ծննդյան օրվանից մի քանի օր անց»։ Թերթը հիշեցնում է, որ ծննդյան օրը նոյեմբերի 25-ին է: