Իրանի ԱԳ նախարար. Անհրաժեշտ է հարգել ժողովուրդների ինքնորոշման կենսական իրավունքը
Անհրաժեշտ է հարգել ժողովուրդների ինքնորոշման կենսական իրավունքը:
Այդ մասին Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Պակիստանում տեղի ունեցած «Դի-8» խմբի տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:
Իրանի ԱԳ նախարարն իր ելույթում, քննադատելով տարբեր երկրներում մարդու իրավունքների նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելու փաստը, մասնավորապես նշել է. «Ժողովրդավարությունը որևէ երկրին կամ տարածաշրջանին չի պատկանում. Ուստի ազգերի ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը կենսական կարևորություն ունի: Պետք է մերժել բոլոր այն ջանքերը, որոնք ուղղված են սահմանադրության և ժողովրդավարության հիման վրա ժողովրդի կողմից ստեղծված կարգերը տապալելուն»:
Նշենք, որ «Դի-8» խումբը ներկայացնում են 8 զարգացող երկրներ` Իրանը , Թուրքիան , Պակիստանը, Բանգլադեշը , Ինդոնեզիան , Մալայզիան ,Եգիպտոսը և Նիգերիան:
Արցախյան հակամարտության ժամանակակից փուլը սկիզբ է առել 1988թ-ին, երբ ի պատասխան 1921 թ. խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախի (Լեռնային Ղարաբաղ) բնակչության ինքնորոշման խաղաղ պահանջին` Ադրբեջանի իշխանությունները էթնիկ զտումներ իրականացրեցին հայ ազգաբնակչության նկատմամբ նախ` Ադրբեջանի մեծ քաղաքներում, ապա Արցախում: 1991թ-ի սեպտեմբերին Արցախը հռչակեց անկախություն, որի արդյունքում Ադրբեջանը սաստկացրեց բռնությունները և սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ Արցախի դեմ: Ռազմաճակատում մի շարք պարտություններից հետո Ադրբեջանի իշխանությունները 1994թ. մայիսին ստիպված էին զինադադար խնդրել Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն):
Ներկայումս հակամարտության կարգավորման բանակցությունները իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների(Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007-ի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան առաջարկների հիման վրա: