«Միկա ցեմենտ» գործարանում աշխատավարձերը չեն տալիս
«Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ հայտնվել են անելանելի վիճակում։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը առանց որևէ բացատրության 20 բանվորների ազատել է աշխատանքից։
Ըստ թերթի աղբյուրների՝ պատճառն այն է եղել, որ մարդիկ փորձել են իրենց իրավունքները պաշտպանել և ակտիվություն են ցուցաբերել՝ պահանջելով իրենց հասանելիք 4 ամսվա չստացած աշխատավարձը։
Թերթը փորձել է իրավիճակի շուրջ մեկնաբանություն խնդրել Նաիրա Մարտիրոսյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանել է մի տղամարդ և տեղեկացրել, թե Նաիրա Աշոտովնան վարորդի հետ տեղ է գնացել, և չգիտի, թե երբ կգա։
Թերթը նաև հիշեցնում է, որ «Միկա ցեմենտ»-ը պատկանում է հայտնի գործարար Միքայել Բաղդասարովին, ով օրերս սկսել է «Արմավիա»-ի վաճառքի գործընթացը: