Լևոն Արոնյան. «Չի եղել այնպիսի պատմություն, որը մայրս ցանկանար գրել ու ես դեմ լինեի»
Այսօր «Երևան» հյուրանոցում հավաքված շախմատային աշխարհի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու պատվավոր հյուրերն անհամբեր սպասում էին այն պահին, երբ, ի վերջո, կցուցադրվի «Լևոն Արոնյան» վերնագրով գիրքը, հենց որի շնորհանդեսն էր: Գրքի հեղինակ տաղանդավոր գրոսմայստերի նույնքան տաղանդավոր մայրն է` Սեդա Ավագյանը (Արոնովան), ով որդու 30-ամյակի առթիվ, որպես թանկարժեք նվեր, գրքի տեսքով ներկայացրել է նրա անցած ուղին, տպավորիչ հաղթանակները, հիշարժան պահերն ու փաստագրական տվյալները:
Գիրքը լույս է տեսել 3 հազար տպաքանակով: Սպառվելու դեպքում կրկին կտպագրվի:
Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Լևոն Արոնյանը, ինչպես միշտ, անկեղծ էր: Ինչպես նշեց լրագրողների հետ զրույցում, ծանոթ է եղել գրքի արարման աշխատանքներին, ընթացքում ընթերցել է, սակայն ոչինչ չի փոխել:
«Մայրս մասնագիտությամբ ինժեներ է: Այս գրքում գրել է իմ մասին, իմ անցած ուղու, իմ հաղթանակների մասին: Սկսել է գրել 1 տարի առաջ: Սկսել է այն տարիքից, երբ ես սկսեցի շախմատ խաղալ: Իսկ շախմատ խաղացել եմ 9 տարեկանից: Գիրքն ինձ անչափ շատ է դուր գալիս, հատկապես` այն հատվածը, որը նկարագրում է 90-ականների դժվարին տարիները:
Մայրս միշտ էլ մեծ ազդեցություն է ունեցել իմ կյանքում: Ես անչափ շնորհակալ եմ նրան կատարած աշխատանքի համար: Այս գրքում կան շատ հատվածներ, որտեղ մայրս գրել է այնպիսի մանրամասներ իմ մանկությունից, որոնք նույնիսկ չեմ հիշում:
Գրքում կա մի այսպիսի պատմություն. երբ մենք ապրում էինք 7-րդ մասիվում, քայլելու երկար ճանապարհ կար` մինչև շախմատի տուն հասնելը: Լինում էր, որ կոշիկներս պատռված էին լինում, տոպրակներ էինք դնում դրանց մեջ և շատ այլ հետաքրքիր պատմություններ:
Հետևել եմ գրքի ստեղծման աշխատանքներին: Ընթերցել եմ, և եթե փաստային վրիպումներ են եղել, փորձել եմ դրանց վրա աշխատել: Սակայն չի եղել այնպիսի պատմություն, որ մայրս ցանկանար գրել, իսկ ես դեմ լինեի»,- նշեց Արոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են