Ֆլորա Մարտիրոսյանի դին կտեղափոխվի Հայաստան
Ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի դին կտեղափոխվի Հայաստան, սակայն ժամկետները դեռ հստակեցված չեն: Այս մասին Panorama.am-ին ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Ալլա Սերոբյանը: Նրա խոսքով, երգչուհու ընտանիքը Լոս Անջելսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանի միջոցով տեղեկացրել է, որ Ֆ. Մարտիրոսյանի դին կտեղափոխեն Հայաստան հուղարկավորելու, սակայն ժամեկտների առումով որևէ հստակեցում չկա, քանի որ փաստաթղթային ձևակերպման հարցերը լուծման փուլում են: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում Լոս Անջելսում Հայաստանի հյուպատոսարանի կողմից:
Հիշեցնենք, որ Ա. Սերոբյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Եթե առջացած խնդիրները կարգավորվեն, վարչապետի հրամանով կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով` հոգեհանգստի, հուղարկավորության տեղի հետ կապված հարցերը որոշելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի հիվանդանոցներից մեկում կյանքից անժամանակ հեռացավ հայ երգարվեստի մեր օրերի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը:
Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին՝ Գյումրիում: Դպրոցին զուգահեռ ավարտելով Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը՝ Երևանի պետական կոնսերվատորիայում ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել է Երևան: 1973 թ-ից նրա երգը հնչել է հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ: Երգչուհին հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում և հայ երգը տարածել ամենուր: 1997-2001 թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև, 2002 թ.-ին Հոլիվուդում և Բրբենքում հիմնել «Կոմիտասի» անվան երաժշտական դպրոցներ: 2006-2007 թթ.-ին առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է «Կոմիտաս» համահայկական միջազգային երգի մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա` Հայաստանից և արտերկրից: 2007թ.-ին հիմնել է «Արտիստները հանուն խաղաղության» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելով Հայոց Ցեղասպանությանը և աշխարհում տեղի ունեցած ոճրագործություններին ոչ` «Այլևս երբեք» ասելու: 2011թ.-ի նոյեմբերի 1-ին Լոս-Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում տեղի ունեցած համերգին մասնակցել են Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բեննեթը, Բոբի Բրաունը և ուրիշներ: Համերգի ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանն արժանացել է Միացյալ Նահանգների կոնգրեսմեն Բրեդ Շերմանի հատուկ պատվոգրի` հայ համայնքին առանձնահատուկ և անգնահատելի ծառայություններ մատուցելու և երգի միջոցով համայն աշխարում խաղաղության կոչ անելու համար: Նրա կատարմամբ հայ երգը հավերժ կապրի ոչ միայն հայ, այլև օտարերկրյա հանդիսատեսի հիշողության մեջ:
Սիրված երգչուհու մասին կարող եք կարդալ այստեղ: