Մեխիկոն պատրաստվում է հրաժեշտ տալ Հեյդար Ալիևի հուշարձանին. Բաքուն սպառնում է խզել հարաբերությունները
Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովն հայտարարել է, թե մայրաքաղաք Մեխիկոյում Հեյդար Ալիևի արձանը ապամոնտաժելու դեպքում, դատական հայց կներկայացվի Մեքսիկայի դեմ: Ստեղծված իրավիճակը լուսաբանում է մեքսիկական «Ռեֆորմա» պարբերականը:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Մուխտարովը վկայակոչել է 2011 թ-ի օգոստոսի 26-ին Ադրբեջանի կառավարության և Մեխիկոյի իշխանությունների միջև ստորագրված համաձայնագիրը, որով նախատեսված է եղել քաղաքի երկու այգիների բարեկարգումն ու հուշարձանի տեղադրումը:
«La Razon» պարբերականի հետ զրույցում դեսպանը հայտնել է, թե Մեխիկոյի քաղաքային իշխանությունները, եթե, այնուհանդերձ, որոշում կայացնեն արձանն ապամոնտաժելու վերաբերյալ, ապա Ադրբեջանը կխզի դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ և կփակի իր դեսպանատունը Մեխիկոյում, միաժամանակ դադարեցնելով 4 մլրդ. դոլար արժողությամբ ներդումային ծրագրերի իրականացումը: Բացի այդ, դեսպանի գնահատմամբ, ապամոնտաժման որոշումը «խայտառակություն կլինի մեքսիկացիների համար»:
Անդրադառնալով քաղաքային իշխանությունների խնդրի քննարկման նպատակով ձևավորած հատուկ հանձնաժողովի արձանի հետագա ճակատագրի վերաբերյալ սպասվող որոշմանը` դեսպանը նշել է, թե «իրենք դրական որոշում չեն ակնկալում և ի սկզբանե պարզ է եղել հանձնաժողովի ստեղծման դրդապատճառները»:
«Ինձ համար շատ կարևոր է կառավարության ղեկավարի որոշումը, քանի որ դրանից է կախված լինելու Ադրբեջանի և Մեքսիկայի միջև հարաբերությունները», - նշել է դեսպանը:
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան քաղաքական և իրավական հարցերով խորհրդական Մամեդ Թալիբովն, իր հերթին, նամակ է գրել ամերիկյան «The New York Times» պարբերականի խմբագրությանը, որում նշել է, թե երկկողմ հարաբերություններում ներդրումային ու մշակութային փոխադարձ ծրագրերը դիվանագիտական պրակտիկայում տարածում ունեցող երևույթներ են: Այդ իսկ պատճառով, Մամեդովի խոսքերով, Մեխիկոյում այգիների բարենորոգման հարցում «տարօրինակ ոչինչ չկա»: Վերջինս ընդգծել է նաև Հեյդար Ալիևի «սկզբունքային դերակատարությունը» ժամանակակից Ադրբեջանի պատմության մեջ և նրա պատվին արձանի տեղադրումը գնահատել «բավականին նորմալ երևույթ»:
Հիշեցնենք, վերջերս Մեքսիկայի մայրաքաղաքի կենտրոնական այգիներից մեկում տեղադրվել էր Հեյդար Ալիևի արձանը, ինչը քաղաքի բնակչության զայրույթի առարկա էր դարձել: Լրատվամիջոցների տեղեկացմամբ, Ադրբեջանը ծախսել է 5 միլիոն դոլար` Մեխիկոյում երկու այգիների բարեկարգման վրա, ինչից հետո էլ ստացել էր արձանը տեղադրելու թույտվությունը:
Հաջորդած օրերին, Մեխիկոյում տեղի էին ունեցել բողոքի մի շարք ակցիաներ, որոնց մասնակիցները հայտարարել էին, թե չեն ցանկանում այգում տեսնել հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող մի երկրի բռնապետի արձանը:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ, սեպտեմբերի կեսերին, Կանադայում ապամոնտաժվել էր Հեյդար Ալիևի կիսանդրին, որը տեղադրվել էր մեկ տարի առաջ Նիագարա օն զե Լեյք քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան