Ռուսաստանն անհանգստացած է Թուրքիայի սահմանում «Patriot» հրթիռներ տեղակայմամբ, իսկ ՆԱՏՕ-ն այն անհիմն է համարում
«Թուրքիա- Սիրիայի սահմանին «Patriot» հրթիռներ տեղակայումը կմեծացնի զինված բախումների վտանգը»,-այս մասին «Վզգլյադ» պարբերականի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Որքան շատ զինամթերք կուտակվի, այնքան ավելի կմեծանա ռիսկը, որ այն կօգտագործվի զինված բախումների համար», -նշել է Ս. Լավրովը` Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցում:
«Որևէ վայրում զինամթերքի ի հայտ գալը մեծացնում է ռիսկը, քանի որ յուրաքանչյուր զինամթերքի կուտակումը կարող է հանգեցնել շատ լուրջ զինված հակամարտության: Մենք ցանականում ենք ամեն կերպ խուսափել այդ ամենից»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը նաև հիշեցրել է, որ ժամանակին Ռուսաստանն առաջարկել է ուղիղ կապ հաստատել Անկարայի և Դամասկոսի միջև, որ նրանք միմյանցից տեղեկություններ ստանան և խուսափեն անհարկի սրացումներից:
«Ցավոք առայժմ առաջարկը չի իրականացվել, սակայն այն ուժի մեջ է»,-նշել է վերջինս:
Պարբերականի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քատուղար Ա. Ռասմուսենն անդրադարձել է Սերգեյ Լավրովի հայտարարությանն ու նշել, որ ՌԴ ներկայացուցչի քննադատական հայտարարություններն անհիմն են: