Ախ այդ զուգարանը. Նոյեմբերյանի քաղաքապետն անդրդվելի է, բնակիչները բողոքում են
Նոյեմբերյանում հասարակական զուգարանի պատմությունը շարունակվում է. թեպետ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զուգարանի կառուցման շուրջ վեճ է ընթանում, սակայն այն արդեն 80 տոկոսով կառուցված է:
Panorama.am-ը անդրադարձել էր Նոյեմբերյանի գործարար Սամվել Գիշյանին պատկանող հասարակական օբյեկտի կողքին քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի կողմից հասարակական զուգարանի կառուցման խնդրին: Սամվել Գիշյանն ու նրա ներկայացուցիչ Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը դիմել էին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով անօրինական ճանաչել կառուցվող զուգարանը: Իսկ այն, որ կառույցն անօրինական է, ըստ Մարոզյանի, փաստում է առողջապահության նախարարի կողմից ընդունված իրավական նորմը այն մասին, որ զուգարանները պետք է կառուցվեն հասարակական սպասարկման օբյեկտներից 50 մետր հեռավորության վրա, մինչդեռ քաղաքապետարանը զուգարանը կառուցում է Գիշյանի հարսանյաց սրահից ընդամենը 16-20 մետր հեռավորության վրա:
Սակայն այժմ զուգարանը կառուցված է և Մարոզյանն ու Գիշյանը ստիպված են եղել փոխել հայցի հիմքն ու առարկան. Այս անգամ նրանք պահանջում են քանդել զուգարանը:
Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը Panorama.am-ին ասաց, որ նոյեմբերի 20-ին տեղի ունեցած դատական նիստում միջնորդություն են ներկայացրել փոխել հայցի հիմքն ու առարկան և պահանջել քանդել կառուցվող զուգարանը: « Սակայն դատարանը անհասկանալի վարք դրսևորեց, նորից մերժեց որպես հայցի ապահովման միջոց շինարարությունն արգելելու մասին մեր ներկայացրած միջնորդությունը: Դատավորն ասաց բառացիորեն հետևյալը` դե որ էսքան սարքել են այդքան ռիսկ են արել, մենք էլ քանդել կտանք», -մեզ հետ զրույցում ասաց պարոն Մարոզյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ իրենց հայցին են միացել շուրջ 30 բնակիչներ, որովհետև իրենք էլ մտահոգված են այդ վայրում զուգարանի կառուցմամբ: Բանն այն է, որ այդ տարածքում կոյուղագիծ չկա, և զուգարանը կառուցելու դեպքում այն միանալու է այգով անցնող սելավատարին, իսկ մարդիկ էլ մտավախություն ունեն, որ ամռան ամիսներին այդտեղից փչող տհաճ հոտը անհանգստություն կառաջացնի և ինչու ոչ, կարող է նաև վտանգավոր լինել:
«Մարդիկ դժգոհում են, որովհետև բոլորն ասացին, որ ամառվա ամիսներին շատ անտանելի է, դուռ-լուսամուտ չեն կարողանում բացել, բոլոր կոյուղագծերը միացված են սելավատարին և մի հատ էլ այդ զուգարանն է միանում: Այդ ապօրինությունները վերացնելու համար շուրջ 30 մարդ դիմել են ասոցիացիային: Փոխանակ կոյուղագծերը վերանրոգվեն, որ հոտ չառաջանա, նորից սելավատարին են միացնում: Այս դեպքում ոչ միայն գործարարի բիզնես շահերն են ոտնահարվում, այլ նաև բնակիչների իրավունքները», - փոխանցեց Մարոզյանը:
Նա ասաց, որ Նոյեմբերյանում մարդիկ վստահ են, որ այդպիսով քաղաքապետն իր անձնական վրեժն է լուծում գործարարից` նման մեթոդներով ստիպելով հրաժարվել քաղաքում ունեցած իր բիզնեսից ու սնանկացնելով նրան:
«Քաղաքապետի աղջիկը եղել է Գիշյանների հարսը և հիմա ինչ-որ անախորժություններ են ծագել, ու քաղաքապետը որոշել է մինչև վերջ գնալ: Խոսակցություններ են պտտվում, որ վրեժ է լուծում», -մեզ հետ զրույցում ասաց Խաչատուր Մարոզյանը:
Հարակից հրապարկում. Որտե՞ղ է ծախսվում համայնքի բյուջեն. Նոյեմբերյանի քաղաքապետը մի զուգարանը քանդել, մյուսն է կառուցում