Ազգային պատկերասրահի շենքը «ավտոմոյկա» չի դառնա
Նախորդ օրը «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ու ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը Երևանի Հանրապետության հրապարակում զբոսնում ու ինչ-որ հարց քննարկում: Լուսանկարելուց հետո թղթակիցը մոտեցել է Մարգարյանին ու Սահակյանին: Ավանդական «ոնց եք, ոնց չեք»-ից հետո Արման Սահակյանն ու թղթակիցը կարճ զրույցի են բռնվել: Կեսկատակ-կեսլուրջ այդ զրույցը, որի ընթացքում չափազանց ուրախալի բացահայտում է կատարվել, թերթը ներկայացրել է գրեթե ամբողջությամբ: Մասնավորապես թղթակիցը Արման Սահակյանին ասել է, որ ուզում է գնի Ազգային պատկերասրահի շենքը. «Ուզում եմ առնեմ` ավտոմոյկա սարքեմ»:
«Չէ, էս շենքը չի վաճառվում»,- ասել է Արման Սահակյանը:
«Բայց մի հատ նայեք` ինչ հարմար ա մոյկի համար, կամարների տակ մեքենաները կկանգնացնեն, կլվանան, ֆանտանն էլ դիմացը` ջուրը կա, կաֆեով բանով մոյկա կդառնա»,- պնդել է թղթակիցը:
Արման Սահակյան-Չէ, էս շենքը չի վաճառվում:
Թղթակից- Բա էն շենքը ո՞նց վաճառվեց (ցույց է տալիս ՀՀ արտգործնախարարության շենքը):
Արման Սահակյան - Էն ուրիշ ա:
Թերթի թղթակցի տպավորությամբ՝ Ազգային պատկերասրահի շենքը իրոք մտադիր չեն վաճառել, գոնե առայժմ. «Սա ահագին ուրախալի լուր է: Խնդիրն այն է, որ ՀՀ արտգործնախարարության շենքը Արման Սահակյանի գլխավորած վարչությունը վաճառեց գաղտնիության պայմաններում, առանց աճուրդ կամ մրցույթ հայտարարելու: Ուստի պարբերաբար անհրաժեշտ է հետաքրքրվել, թե է՞լ ինչ շենքեր կան վաճառքում: Իր վերջին ասուլիսի ժամանակ Արման Սահակյանը հայտարարել էր, որ եթե այլ շենքերի համար էլ լավ առաջարկներ լինեն, ապա դրանք կքննարկվեն: Իսկ պատկերասրահը գնելու ու ավտոմոյկա դարձնելու «առաջարկը» լսելով` Արման Սահակյանը չի էլ հետաքրքրվել, թե ինչ գին է առաջարկում: Ուրեմն` չի վաճառվում: Գոնե առայժմ»: