Լևոն Արոնյան. «Նշանակում է` լավ եմ կատարել իմ աշխատանքը»
Այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում կայացավ «Դե ֆակտո» ամսագրի կողմից սահմանված «Տարվա մարդ» մրցանակի հանձնման արարողությունը: Հիշեցնենք, որ նախորդ տարի այս կոչմանն էր արժանացել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
2012 թ. տարվա լավագույն մարդը, ըստ ամսագրի, ճանաչվել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Մրցանակը նրան հանձնեց ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը: Նա նշեց, որ միջազգային մրցաշարերում Արոնյանը միշտ բարձր է պահում Հայաստանի պատիվը:
«Ես հպարտ եմ, որ նման հայրենակից ունեմ, նա համեստության և զսպվածության օրինակ է: Լևոնն այս տարի բազմաթիվ փայլուն հաղթանակներ է տոնել և արժանի է «Տարվա մարդ» մրցանակին»,- ասաց Հարությունյանը:
Արոնյանը, իր հերթին, նշեց, որ անչափ ուրախ է ստանալ նման մրցանակ` իր հայրենիքում, ինչը միանշանակ պարտավորեցնող է:
«Ես շատ պարտավորված եմ զգում ինձ՝ ստանալով նման մրցանակ: Սա նշանակում է, որ տարվա ընթացքում լավ եմ կատարել իմ աշխատանքը, իսկ ժողովուրդը սիրում է այս մարզաձևը: Հուսով եմ, որ կկարողանամ մինչև տարեվերջ շարունակել լավ մրցելույթներս և արդարացնել բոլորի սպասելիքները»,- նշեց Արոնյանը:
Արոնյանը նաև ավելացրեց, որ նոյեմբերի 29-ին պատրաստվում է մասնակցել Լոնդոնում կայանալիք շախմատային խոշոր մրցաշարին:
«Այնտեղ միշտ մրցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները Ուրախ եմ, որ այս տարի նվաճել եմ Լոնդոնում հանդես գալու իրավունքը: Լոնդոնից հետո անմիջապես մեկնելու եմ Չինաստան»,- ասաց Արոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում