Ինչ սպասումներ է ձևավորում Հայաստանի քաղաքական համակարգը
Քաղաքականությունն առհասարակ գործունեության շատ յուրահատուկ ոլորտ է. այն, հատկապես ժողովրդավարության պայմաններում, գրեթե միշտ հիմնվում է հասարակական սպասումների /ակնկալիքների/ և դրանց իրականացմանն ուղղված հմտությունների համապատասխանեցման վրա: Այս երևույթն իր տեղն ունի նաև Հայաստանի քաղաքական գործընթացներում, բայց մեր պարագայում գործ ունենք սպասումների և դրանց իրականացման միջոցների և հնարավորությունների խիստ որոշակի անհամապատասխանության հետ:
Նախ, այդ իրավիճակի դրսևորումներից մեկը բնութագրվում է դասական դարձած հետևյալ արտահայտությամբ. «կա ազգային գաղափարախոսություն, մնում է գտնել դրան համապատասխան ազգը»: Սա նշանակում է, ի թիվս այլ մեկնաբանությունների, նաև՝ «անհասցե քաղաքականություն»: Տվյալ դեպքում իրականացվող քաղաքականությունը որևէ կապ չի ունենում հասարակական սպասումների հետ:
Նման իրավիճակի կարելի է հանդիպել նաև այսպես կոչված «ուտոպիական քաղաքականության» պարագայում, երբ խոսք է գնում անիրականանալի /աշխատավարձի բարձրացում և հարկերի նվազեցում՝ միաժամանակ, տասնյակ հազարավոր աշխատատեղերի բացում՝ մեկ տարում, կոռուպցիայի վերացում/ երևույթների մասին: Բանն այն է, որ քաղաքականությունը ենթադրում է պրագմատիզմ, ոչ թե ռոմանտիզմ: Վերջինս քաղաքականության մեջ պետության և հասարակության համար վտանգավոր երևույթ է:
Նախագահական ընտրություններին ընդառաջ ընթացող քաղաքական պրոցեսները դեռ հեռու են հասարակական սպասումներ ձևավորելու փուլ մտնելուց: Վառ օրինակ է միասնական թեկնածուի գաղափարը, որը քննարկվում է առավելապես կուսակցությունների ղեկավարների մակարդակով: Եվ եթե նույնիսկ այստեղ ձեռք բերվի համաձայնություն, ապա ինչպե՞ս է այդ համաձայնությունը հաստատվելու հասարակության ավելի լայն շրջանակներում: Չէ՞ որ սպասումներն ունեն մարդկանց ընտրությունը մոտիվացնելու կարողություն, մինչդեռ ակնկալիքների բացակայությունը ստիպում է առաջնորդվել կարճաժամկետ շահի սկզբունքով: Մեկ ուրիշ օրինակ է նախագահական ընտրություններին ընդառաջ խորհրդարանական ընտրություններին վերաբերող մեծամասնական և համամասնական ընտրակարգերի վերաբերյալ բանավեճի վերակենդանացումը:
Նման երևույթները չեն կարող առաջիկա ընտրություններից համարժեք սպասումներ ձևավորել, ինչն էլ նշանակում է, որ Հայաստանի քաղաքական համակարգում մոտակա տարիներին մեծ հավանականությամբ սպասվում է արմատական և երկարատև լճացում, առաջին հերթին այն կուսակցությունների պարագայում, որոնք այդպես էլ չկարողացան իրատեսական սպասումներ ձևավորել և լուծել դրանք:
Նման պարագայում գործ ունենք առավելապես ոչ թե սպասումների ձևավորման և իրացման, այլ քաղաքական անիրականանալի նախագծերի կամ արկածախնդրության սկզբունքներով առաջնորդվող կուսակցությունների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են