Ո՞վ և ի՞նչ է պետք Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջին
Նախօրեին Նկարիչների միության դահլիճում Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ճակատագրով շահագրգիռ մարդկանց նախաձեռնած շարժումը քննարկում էր կազմակերպել: Հիմնական թեման էր` ով պետք է ղեկավարի քոլեջը:
Նշենք, որ Նարեկ Առուշանյանի մահից հետո քոլեջի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գևորգ Սողոմոնյանը, այնուհետև` Նարեկ Առուշանյանի կինը` Աննա Մնացականյանը: Նա դեկտեմբերի 14-ին կայանալիք քոլեջի տնօրենի մրցույթին մասնակցելու հայտ արդեն ներկայացրել է: Տնօրեն է ցանկանում դառնալ նաև քոլեջի դասախոս Դավիթ Դավթյանը, որի կողմնակից է հենց Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ճակատագրով շահագրգիռ մարդկանց նախաձեռնած շարժումը: Նրանք նաև ստորագրահավաք են սկսել: «Ես չկարողացա ներկա գտնվել, բայց իմ ձայնն էլ միացնում եմ Դ. Դավթյանի կողմնակիցների ձայնին: Շատ տգեղ երևույթ է ձևավորվել, և այդ առաջին դեպքը չի, արվեստի օջախի տնօրինությունը անցնում է ժառանգաբար, կարո՞ղ է դրանք էլ են սեփականաշնորհել, ուղղակի մենք տեղյակ չենք: Բա ասեք իմանանք»,- Ֆեյսբուքում նման գրառում է արել արվեստագետ Նունե Թումանյանը:
«Շահագրգիռ մարդիկ» հենց այս փաստն են նախ և առաջ ներկայացնում, որ «տնօրենի պաշտոնն անցնում է ժառանգաբար» (երկար տարիներ քոլեջը տնօրինել է Սամվել Պետրոսյանը, ում 65 տարին լրանալուց հետո նշանակվել է նրա քրոջ՝ Ալվարդ Պետրոսյանի որդուն՝ Նարեկ Առուշանյանը): Բացի այդ նրանք փաստում են, որ Աննա Մնացականյանը արվեստի հետ որևէ կապ չունի, մանկավարժական գործունեություն չի ծավալել:
Նախօրեին կայացած քննարկմանը Ա. Մնացականյանը ներկա չի եղել. նա հրավիրված չի եղել, քանի որ «նրա հետ կապվել չհաջողվեց: «Աննա Մնացականյանին էր պետք էայսօր հրավիրել, որ տեսներ ինչքան «փոքրաթիվ» խումբա դժգոհ, ես այնտեղ եմ եղել մինիմում 300 հոգի մարդ կար, թե՞ ես էջում (նկատի ունեն Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ճակատագրով շահագրգիռ մարդկանց նախաձեռնած շարժումը ֆեյսբուքյան խումբը) արդեն հավաքված 1300 հոգինա «փոքրաթիվ»,- գրել է ֆեյսուքյան օգտատեր Ալիկ Հովհաննիսյանը:
Քոլեջի դասախոս նկարիչ Աշոտ Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ ինքը 20 տարի է աշխատում է այդ քոլեջում ու գիտի ավելին, քան դրսի մարդիկ: «Ուսումնարանը մասնագիտական առումով պրոբլեմ չունի: Այնտեղ վարչարարական կողմն է, որ թերացել է, որի հարցերն Աննան շատ լավ լուծում է: Մասնագետները շատ լավ աշխատում են, առ այսօր ուսումնարանը փայլում է իր կադրերով, մանկավարժներով: Պարտադիր չէ, որ տնօրենը լինի արվեստագետ, այլ կարևոր է, որ կարողանա ապահովել վարչարարական կողմը»,- նշեց նկարիչը: Ըստ նրա, այս մեկ ամսվա ընթացքում Ա. Մնացականյանը որևէ քայլ կատարելիս հիմնվում է մասնագետների կարծիքների վրա:
Ա. Մարտիրոսյանը նաև ասաց, որ ինքը և Դավիթ Դավթյանը սովորել են միասին, աշխատում են միասին Թերլեմեզյանում: «Շատ լավ, բարի, անձնավորություն է, շատ լավ մասնագետ է, բայց որպես տնօրեն չեմ կարող Դավիթին տեսնել: Միայն նկարչություն հասկանալը քիչ է, պետք է կարողանալ նաև կազմակերպել»,- ասաց Թերլեմեզյանում 20 տարի աշխատող Աշոտ Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին