Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Գյանջայում 38 մարդ է ձերբակալվել
Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Գյանջայում 38 մարդ է ձերբակալվել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ղաֆղազ.իռ» կայքը՝ հղում անելով «ֆաքտ խաբար» կայքի:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ «Աշուրայի» օրերին (շիաների իմամ Հոսեյնի նահատակության օր) Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղի ունեցած սգո արարողության ժամանակ Ադրբեջանի անվտանգության ուժերի աշխատակիցները, շրջապատելով հավաքի մասնակիցներին, 38 մարդ են ձերբակալել:
Իրանական աղբյուրը նշում է, որ ո՛չ անվտանգության ուժերի ներկայությունը և ո՛չ էլ ձերբակալությունները հավաքին մասնակիցներին չեն վախեցրել և նրանք շարունակել են սգո արարողությունը:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «արաննյուզ.իռ» կայքը հաղորդել էր, որ այս տարի «Աշուրայի» օրվան ընդառաջ Ադրբեջանի անվտանգության ուժերն աննախադեպ միջոցառումներ են անցկացնում, որպեսզի այդ օրերին ամբողջությամբ արգելեն սգո արարողության անցկացումը:
Ըստ իրանական աղբյուրի՝ Ադրբեջանի պետական պաշտոնյաների հրահանգով՝ այն աշակերտներն ու ուսանողները, որոնք կմասնակցեն «Աշուրայի» միջոցառումներին, կհեռացվեն դպրոցից:
«Ադրբեջանի իշխանություններն իրենց նախապատրաստական աշխատանքները սկսել էին դեռևս մի քանի ամիս առաջ: Կրոնական բովանդակությամբ գրականություն հայտնաբերելու նպատակով անվտանգության և ոստիկանական ուժերի ներկայացուցիչները բազմաթիվ կրոնական գործիչների բնակարաններում խուզարկություն են կատարել, նրանցից ոմանք մեղադրվել են Իրանի հետ համագործակցության մեջ և ներկայում իրենց պատիժը կրում են բանտերում»:
Նշենք, որ «Աշուրա-Թասուա»-ի օրը շիաները նշում են իմամ Հոսեյնի ոգեկոչման օրը, ով 680թ. սպանվել է Քարբալայում: Այդ օրերին շիական երկրներում սուգ է հայտարարվում:
Նախորդող տեղեկատվություն՝
Ադրբեջանում բազմաթիվ կրոնական գործիչներ Իրանի հետ համագործակցության մեղադրանքով գտնվում են բանտերում
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին