Մեծամասնական թեկնածուներից միայն մեկը նախընտրական հիմնադրամ չի բացել
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 25-ին գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ երկրորդ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը ` 28.10.2012թ.-23.11.2012թ. ժամանակահատվածի համար:
ԿԸՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ գրանցված 6 թեկնածուներից մեկը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, իսկ թիվ 1 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածու Պետրոսյան Էդուարդը նախընտրական հիմնադրամ չի բացել: Արդյունքում` նախընտրական հիմնադրամներ են բացել և հայտարարագրեր են ներկայացրել 4 թեկնածու: Սևակ Հովհաննիսյանը նշել է նաև, որ բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքի որևէ խախտում չի արձանագրվել:
Դեկտեմբերի 2-ին մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական լրացուցիչ ընտրություններ են կայանալու Երևանի թիվ 1 ընտրատարածքում և Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան