Էդիկ Մինասյանի աղմկահարույց դասագիրքն ազգագրագետը համարում է ոչ գիտական, իսկ Բախշյանն առաջարկում է բոյկոտել այն
2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ ուսանողների համար պատմության ֆակուլտետի դեկան, Էդիկ Մինասյանի հեղինակած գրքում տեղ գտած պատմաբանի գնահատակնների ու եզրակացությունների մասին «Facebook» սոցիալական ցանցում բուռն քննարկումներ են ընթանում:
«Կոպտորեն մերժելով ընտրությունների արդյունքները, ընդդիմության արմատական թևը, իշխանությունների ամենաթողության պայմաններում արհամարհանքով խախտելով օրենքով սահմանված կարգը, փետրվարի 20-ից Երեւանում սկսեց հանրահավաքների շարք: … Ընտրություններում հաղթած Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ին նախագահի մյուս թեկնածուներին համագործակցության կոչ արեց: .... արմատական ընդդիմության բողոքի գանգվածային գործողությունները շարունակվում էին։ 10 օրերի ընթացքում ընդդիմության կազմակերպած չարտոնված հանրահավաքները վերջնականապես ապակայունացրին իրավիճակը ողջ երկրում։
Առաջացած անվստահության մթնոլորտում արմատական գործելաոճ որդեգրած Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների արհամարհանքին էին հանդիպում տարբեր հասարակական կազմակերպությունների, արվեստի ու գիտության գործիչների, հայոց կաթողիկոսի հանդուրժողականության կոչերն ու հայտարարությունները»,-գրքում գրել է Էդիկ Մինասյանը, ներկայացնում է «Tert.am»-ը:
Պատմաբանը ըստ աղբյուրի, նաև իրադարձությունները յուրովի ներկայացնելուն զուգահեռ դրանց գնահատականներ է տվել, օրինակ, նշելով. «..բայց ընդդիմադիրները, արհամարհելով բոլոր խորհուրդները` «հմտորեն» օգտագործեցին ստեղծված իրավիճակը։… Զանգվածների հուզական տրամադրությունն ավելի սրելու համար Լևոն-Տեր Պետրոսյանն ու նրա կողմնակիցները անում էին «իշխանավորներին պատժելու» զանազան հայտարարություններ»:
Ըստ սոցիալական ցանցում տեղ գտած մեկնաբանությունների, պատմաբանը դասագիրքը գրելիս հիմնվել է «Հայլուր» լրատվականի՝ այդ օրերին տարածած տեղեկատվության վրա:
Դասագրքի քննադատողները շատ են, մասնավորապես Պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աղասի Թադևոսյանը նույն դասագրքի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «առանց արխիվային նյութի պատմություն կերտելը սովետական դպրոցի ձեռագիրն է: Սովետը արդեն քսան տարի է չկա, իսկ մեթոդը դեռ կենդանի է»: Նա նշել է, որ ծանոթ չէ դասագրքին ու շարունակել.
«Բայց եթե մեկնաբանությունները համապատասխանում են իրականությանը, ապա դա գիտական չի կարող կոչվել, քանի որ գոյություն ունի ակադեմիական հստակ մոտեցում, ըստ որի, պատմության ոլորտում որևէ տեքստ չի կարող համարվել գիտական, եթե այն չի գրված խնդրին վերաբերող արխվային նյութի համակողմանի ուսումնասիրության հիման վրա: Այդ պատճառով էլ հինգ-տաս տարվա իրադարձությունները գիտական հանրության մեջ ընդունված չէ մեկնաբանել պատմական տեքստերում: Պատմական ամենաթարմ իրադարձությունը, որը կարող է մեկնաբանվել տեքստում, պետք է համապատասխանի արխիվների գաղտնազերծման ու բացելու վերջին տարեթվին: Որքան հայտնի է, 2008 թ. իրադարձությունների վերաբերյալ արխիվները գաղտնազերծված ու բաց չեն, հետևաբար, որևէ պատմաբան գիտական տեսքտ այդ մասին գրելու իրավունք չունի: Դրա համար կան տվյալների հավաքագրման այլ մեթոդաբանության հիման վրա գիտական տեքստեր ու մեկնաբանություններ ներկայացնող այլ գիտակարգեր՝ սոցիոլոգիան, սոցիալ/մշակութային մարդաբանությունը, քաղաքագիտությունը և այլն»:
Դասագրքում այդ ժամանակների իրադարձությունների մասին նման մեկնաբանությունները բարկացրել են նաև Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանին: Վերջինն իր մեկնաբանություններում գրել է հետևյալը. «Բավական է պատմությունը, օրենքն ու իրավական նորմերը կարեն այս կամ այն պաշտոնյայի, իշխանության հագով, զզվելի է, բավական է, ամոթ է: Պետք է բոյկոտել այդ դասագիրքը»:
Նշենք, որ Էդիկ Մինասյանը Ազգային ժողովի պատգամավոր, Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի եղբայրն է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին