Գ. Մինասյան. Հայկական պատվիրակությանը անվտանգության երաշխիքներ չի տրվել
Բաքվում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակության Խոհրդարանական վեհաժողովի 40-րդ նիստը, սակայն դրան հայկական պատվիրակությունը չի մասնակցում: Պարզաբանում ստանալու նպատակով Panorama.am-ը դիմեց ԱԺ պատգամավոր, Սևծովյան տնտեսական համագործակության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանին:
«Հայկական պատվիրակությունը ցանկանում էր մասնակցել վեհաժողվի աշխատանքներին: Վեհաժողովի շրջանակներում տեղի էին ունենալու նաև նրա երեք հանձնաժողովների նիստերը, քննարկվելու էին այլ հարցեր: Մեր պատվիրակության մասնակցության հետ կապված, ես դեռևս նոյեմբերի 20-ին նամակ էին հղել Սևծովյան տնտեսական համագործակության խորհրդարանական վեհաժողվի նախագահ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովին: Նամակում մասնավորապես նշել էի, որ համաժողովին մասնակցելու հարցում դրական որոշում կայացնելու համար խնդրում ենք, որպեսզի ընդունող կողմը երաշխավորի հայկական պատվիրակության անվտանգությունը: Ցավոք մինչև աշխատանքային շաբաթվա վերջը Բաքվից որևէ պատասխան չստացվեց, ստիպված նոյեմբերի 24-ին դիմեցինք վեհաժողովի գլխավոր քարտուղարին, որը վեհաժողովի աշխատանքների կազմակերպման նպատակով գտնվում էր Բաքվում, խնդրելով պարզել , թե վերջապես, երբ Բաքվից մենք պատասխանը կստանանք: Որոշ ժամանակ անց վեհաժողովի գլխավոր քարտուղարը տեղեկացրեց, որ լավագույն դեպքում ադրբեջանական կողմի պատասխանը կլինի երկուշաբթի օրը` նոյեմբերի 26-ին, այն ժամանակ երբ վերաժողովի աշխատանքներն արդեն սկսված կլինեն, կարծում եմ մեկաբանություններն ավելորդ են»,- նշեց Գագիկ Մինասյանը:
Պատգամավորի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը Ադրբեջանի, որպես վեհաժողովի նախագահող երկրի անպատախանատու վերաբերմունքի վառ դրսևորում է:
«Սա մեր պատվիրակության` իր պարտականությունների կատարելու իրավունքի ոտնահարում է: Կարծում եմ, որ և՛ վեհաժողվի մյուս պատվիրակությունները , և՛ այլ միջխորհրդարանական կազմակերպությունները պետք է դատապարտեն Բաքվի նման կեցվածք»,- հավելեց բանախոսը:
Այն հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված ադրբեջանական կողմի նման գործելաոճը, Գագիկ Մինասյանը նշեց. «Կարծում եմ վճռորոշ է այն հանգամանքը, որ հայկական պատվիրակության ղեկավարը հանդիսանում է, վեհաժողովի հանձնաժողովներից մեկի` Տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահը: Ինչպես արդեն ասեցի այդ հանձնաժողովը, մյուս երկուսի նման Բաքվում պետք է կայացներ իր հերթական նիստը: Ըստ երևույթին, պաշտոնական Բաքուն պատրաստ չէ համակերպվել այն մտքի հետ, որ Բաքվում տեղի ունենալիք միջազգային խորհրդարանական վեհաժողովի ժամանակ նիստերից մեկը պետք է նախագահի ՀՀ ներկայացուցիչը: Կարևորում եմ նաև այն, որ Բաքվում մեծ աղմուկ է բարձրացել այն հարցի կապակցությամբ, որ պետք է պարզել և պատասխանատվության ենթարկել այն պաշտոնական անձին, որը անվտանգության երաշխիքներ է տվել և հրավիրել Րաֆֆի Հովհաննիսյանին` մասնակցելու Ասիայի քաղաքական կուսակցությունների 7-րդ համաժողովի աշխատանքներին»,- նշեց Գագիկ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան