Իվանիշվիլին փորձում է գոնե մասամբ կատարել խոստումը
Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը մտադիր է ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերության առջև հարց բարձրացնել` Թբիլիսիում իրացվող էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու և մոտ 2.4 ցենտով էժանացնելու վերաբերյալ:
Այս մասին հայտնում է ռուսական «Վզգլյադ» էլեկտրոնային պարբերականը:
Աղբյուրի համաձայն` էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին հայտարարել է, թե իրենց կարծիքով` սակագինը կարող է իջեցվել, բայց 4 թեթրիից (2.4 ցենտ) ոչ ավելի: «Սա հիմնավորված մարժա է, որն էլ կառաջարկենք ընկերության հետ բանակցություններում: Մենք կբացատրենք մեր տրամաբանությունը, մեր հաշվարկները, որպեսզի ցույց տանք սակագնի իջացման հնարավորությունը»,- ասել է նա:
Տեղեկատվության համաձայն` էլեկտրաէներգիայի սակագինը Վրաստանում մտահոգում է բոլոր ընտանիքիներին: Այստեղ գործում են տարածաշրջանի ամենաբարձր սակագները. եթե Հայաստանում մեկ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիան արժե մոտ 0.06 դոլար, իսկ Ադրբեջանում 0.072 դոլար, ապա Վրաստանի քաղաքացիները վճարում են 0.107 դոլար: Ըստ աղբյուրի` «Վրացական երազանքն» ընտրություններից առաջ խոստացել էր կրկնակի նվազեցնել հոսանքի սակագինը, սակայն արդեն իսկ խոստովանել է, որ դա անհնար է:
Տեղեկացնենք, որ ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն հանդիսանում է վրացական «Թելասի» ընկերության բաժնետոմսերի 75%-ի սեփականատերը: Վերջինս Վրաստանի խոշորագույն էներգետիկ կազմակերպություններից է և զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ ու իրացմամբ: Ընկերության բաժնետոմսերի մնացած հատվածը վերահսկում է պետությունը:
«Ինտեր ՌԱՕ»-ն Վրաստանում տիրապետում է նաև արտադրող հզորությունների: Ընկերությանը պատկանող հիդրոկայանների մասնաբաժինը Վրաստանի ողջ արտադրող հզորությունների 20%-ն են կազմում: