Նաիրի Հունանյանը չգիտի մոր մահվան մասին
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը մինչ այս պահը «հոկտեմբերի 27»-ի գործով բանտարկյալ Նաիրի Հունանյանի մոր մահվան մասին հարազատներից որևէ պաշտոնական գրություն չի ստացել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ ՔԿՀ լրատվության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Հարցին, թե Նաիրի Հունանյանը չգիտի՞, որ նրա մայրը մահացել է, պատասխանատուն պատասխանեց. «Եթե մենք չենք ստացել այդ մասին որևէ պաշտոնական գրություն, ինչպես կարող ենք նրան ասել այդ մասին»:
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ նոյեմբերի 23-ի գիշերը, Ուկրաինայի Եվպատորիա քաղաքում, ծովում, ափից երկու մետր հեռավորության վրա կնոջ մարմին է հայտնաբերվել: Ուկրաինայի ԱԻՆ-ի աշխատակիցները դուրս են բերել տեղի 64-ամյա բնակչուհու մարմինը: Ափին գտել են կնոջ անձնական իրերը: Դեպքի վայրում ՆԳՆ Եվպատորիայի գլխավոր վարչության աշխատակիցներն օպերատիվ քննչական գործողություններ են կատարում: Մահվան հանգամանքները ճշտվում են:
Ըստ այդ աղբյուրների, մահացածը Նաթելա Գալստյանն է՝ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող Նաիրի Հունանյանի մայրը: Նաթելա Գալստյանի մասին Եվպատորիայի հայկական համայնքում ասել են, որ անհավասարակշիռ մարդ է եղել և ամենայն հավանականությամբ, որոշել է ինքնասպանություն գործել: Նա այնտեղ ապրել է իր երրորդ որդու` Արմեն Հունանյանի հետ: