Թբիլիսիում կայացած «GITI-2012» մրցանակաբաշխությունից Հայաստանը վերադարձել է 7 մրցանակով
Նոյեմբերի 14-17 Թբիլիսիում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային 5-րդ ամենամյա կոնֆերանսին և «GITI-2012» մրցանակաբաշխությանը բիզնեսի և պետական ոլորտներում ներկայացված 14 անվանակարգերից Հայաստանից մասնակցող բարձր տեխնոլոգիաների ընկերություններն ու ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ընդհանուր առմամբ արժանացել են 7 մրցանակի:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Վահան Հովսեփյանը:
«Եթե մենք գնահատենք մրցանակները, ապա կարող ենք ասել, որ տարածաշրջանի տեխնոլոգիական առաջատարը մասնավոր հատվածում Հայաստանն է: Մենք այս կոնֆերանսի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցինք, որ բիզնես հատվածում հայկական ընկերությունները բացարձակ առավելություն ունեն և հզոր են»,- ասաց Վ.Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ մրցանակաբաշխության համար այս տարի դիմել էին աննախադեպ թվով ընկերություններ և կազմակերպություններ` ներառելով հայցորդներ ինչպես Վրաստանից և Հայաստանից, այնպես էլ` Ուկրաինայից: Մրցանակաբաշխությունն անցկացվել է պետական և մասնավոր հատվածներում:
Հայկական «X-TECH» ընկերությունը «CityBugs» նախագծով արժանացել է երկու մրցանակի՝ «Տարվա լավագույն ինտեգրատոր» և «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» անվանակարգերում: E-Agro ընկերությունը մրցանակի է արժանացել «Բիզնեսի համալիր լուծումներ» անվանակարգում, «Innovative Greenhouse»-ը՝ «Բիզնեսը բիզնեսին՝ լավագույն լուծում» անվանակարգում, «Instigate»-ը՝ «Լավագույն ՏՏ կրթություն» անվանակարգում՝ Գորիսի վերապատրաստման կենտրոնի իր նախագծով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մրցանակների է արժանացել «Գործարար գործընթացները խթանող լավագույն ՏՏ նորարարական լուծում» և «Լավագույն առցանց ռեսուրս» անվանակարգերում:
«Հայկական պատվիրակության մասնակցության նպատակն էր խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումը` որպես հուսալի և արդյունավետ միջավայր ներդրողների համար, ինչպես նաև ապահովել «Made in Armenia» բրենդի առաջխաղացումը, ձեռք բերել նոր գործընկերներ»,- ասաց Վ. Հովսեփյանը:
Նշվեց նաև, որ միջոցառման ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Միջազգային գործընկերները կներգրավվեն նաև 2013 թվականի հունիսին Հայաստանում կայանալիք ԴիջիԹեք Բիզնես ֆորումին:
Նշենք, որ հայկական պատվիրակությունն այս տարի ևս գլխավորել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը (EDMC):