ՀՀ վարչապետ. Ռուսաստանի և Հայաստանի միջև չլուծվող խնդիրներ չկան
Ռուսական լրատվամիջոցները տարածել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «Интерфакс»-ին տված հարցազրույցը:
«Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների միջև գոյություն չունի որևէ թյուրըմբռնում կամ չլուծվող խնդիր»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մենք խնդիրներ չունենք Ռուսաստանի հետ: Եթե խնդիրներ են ծագում, ապա դրանք լուծվում են աշխատանքային ընթացակարգով: Պարտքի հետ կապված նույնպես մենք որևէ խնդիր չունենք: Հայաստանի արտաքին պարտքի մակարդակը համարվում է միջինից ցածր, և մենք հարյուր տոկոսով իրականացնում են արտաքին պարտքի մարման բոլոր պարտավորությունները»,- հայտարարել է Տ. Սարգսյանը:
Աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ վարչապետը նշել է, որ հիմնական խնդիրը համագործակցության ընդհանուր պլատֆորմի ստեղծումն է, որը թույլ կտա ռուս գործընկերների հետ քննարկել բոլոր հարցերը և ձևավորել ընդհանուր ապագայի հետ կապված միասնական գաղափարական պլատֆորմ:
«Ռազմավարական գործընկերային հարաբերությունները ենթադրում են, որ նման համագործակցության հիմքում ընկած են ոչ թե օգուտների, այլ ընդհանուր արժեքների հասկացությունը, այսինքն՝ միասնական մոտեցումը մեր ընդհանուր ապագայի և անցյալի վերաբերյալ: Եթե ռազմավարական գործընկերային հարաբերությունները կառուցվեն միայն շահերի վրա, ապա դժվար է նրանց ռազմավարական անվանում տալը: Ակնհայտ է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կառուցվում միայն շահերի վրա»,- հայտարարել է Տ. Սարգսյանը:
ՀՀ վարչապետի համոզմամբ, աշխարհում այժմ բուռն գործընթացներ են զարգանում: Աշխարհը արագ փոխվում է, մեծանում է պետությունների միջև փոխկապվածությունը, ինչն էլ նշանակում է, որ հաշվի առնելով նոր մարտահրավերները ռազմավարական գործընկեր պետությունները միասին պետք է գտնեն իրենց ընդհանուր ապագայի ճամապարհը:
«Մենք այսօր չունենք միանշանակ պատասխաններ, միանշանակ պատասխաններ չունեն նաև մեր ռուս գործընկերները: Մենք փնտրում ենք: Եթե փնտրում ենք, ապա պետք է դա միասին անենք: Այդ դեպքում որոշումներն էլ կլինեն մեր սեփականությունը և մենք պատասխանատվություն կկրենք մեր ճիշտ կամ սխալ որոշումների համար»,- նշել է ՀՀ վարչապետը: