Բակո Սահակյանը շնորհավորել է դատախազներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Դատախազության հարգելի աշխատակիցներ և վետերաններ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Դատախազությունը հանդիսանում է այն կարևորագույն կառույցներից մեկը, որն առանցքային դերակատարություն ունի Արցախի պետականության ամրապնդման ու զորացման գործում: Համակարգի ամենօրյա սկզբունքային ու հետևողական աշխատանքից է նաև կախված մեր հանրապետությունում օրինականության պահպանումը, հասարակության անվտանգության ապահովումը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների հուսալի պաշտպանությունը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը:
Դատախազության առջև դրված խնդիրների լրջությունն ու պատասխանատվությունը նրա յուրաքանչյուր աշխատակցից պահանջում են արհեստավարժություն, հայրենի երկրի ու հարազատ ժողովրդի հանդեպ պարտքի բարձր զգացում: Եվ վստահ եմ, որ այսուհետ էլ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն դրանք հաջողությամբ լուծելու, համակարգի աշխատանքի արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ:
ԼՂՀ իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում կպահեն ձեր աշխատանքային ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հետ կապված հարցերը:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Դատախազության օրվա առթիվ և մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին