«Արարատբանկ». Բանկոմատից հափշտակած գումարն ապահովագրված էր
«Արարատբանկ»-ի Գյումրիի Ռիժկովի փողոցում տեղակայված բանկոմատից գողացված գումարն ապահովագրված է եղել: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին «Արարատբանկ» ԲԲԸ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել «Արարատբանկ» ԲԲԸ Գյումրիի մասնաճյուղի կառավարիչն ու հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում տեղակայված, նշված բանկին պատկանող բանկոմատի սենյակի դուռը բացելով և բանկոմատը վնասելով՝ գողացել են 29.000.000 դրամ:
ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
«Բանկոմատը և բանկոմատում եղած 29.000.000 դրամը ապահովագրված են եղել Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերությունների կողմից և սկսվել է վնասի փոխհատուցման գործընթացը: Չնայած դրան, Բանկը բարոյական վնաս է կրել, և իր մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ` միաժամանակ, հույս ունենալով, որ տեղի ունեցածը հնարավորինս արագ կբացահայտվի»,-հայտնեցին մամուլի ծառայությունից:
Նշենք, որ նույն օրը Շիրակի մարզում հարձակում է կատարվել նաև «Արդշինինվեստբանկ» ընկերության բանկոմատի վրա:
Նոյեմբերի 26-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ախուրյանի մասնաճյուղի կառավարիչը և հայտնել, որ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված բանկին պատկանող, Ախուրյան գյուղում գտնվող բանկոմատի սենյակի դուռը բացելով և բանկոմատը վնասելով` գողացել են 1.854.000 դրամ:
Կատարվում է նախաքննություն: