ՀՖՖ-ի անցկացրած դասընթացները եվրոպացի մասնագետները որակել են լավագույնը տարածաշրջանում և լավագույններից մեկը`Արևելյան Եվրոպայում
Ավարտին են մոտենում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացվող մարզչական Բ և Ա կարգի 2012 թ. դասընթացները, որոնք, ի թիվս այլ միջոցառումների, իրականացվում են ՀՖՖ արտոնագրման բաժնի կողմից: Այդ կապակցությամբ ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակիցը զրուցել է Արտոնագրման բաժնի մասնագետ, մարզչական դասընթացների համակարգող Ղազար Հակոբջանյանի հետ:
- Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել մարզչական կրթության ասպարեզում 2012 թվականի ընթացքում:
- ՀՖՖ արտոնագրման բաժինը, ինչպես և ամեն տարի` սկսած 2005 թվականից, կազմակերպել և անցկացրել է ՀՖՖ/ՈՒԵՖԱ մարզչական Բ և Ա կարգի դասընթացներ, որոնք արդեն մոտենում են ավարտին: Այժմ քննաշրջանն է: Տարբերությունը նախորդ տարիների հետ շատ էական է. ՀՖՖ-ն այս տարի իրավունք ստացավ անցկացնելու նաև մարզչական որակավորման բարձրագույն` ՊՐՈ արտոնագրի դասընթաց, որը սկսվեց 2012 թվականի մայիսից: Սա մեծ և լուրջ հաջողություն է Հայաստանի նման փոքր (նաև ֆուտբոլային առումով) երկրի համար: Բացի ՀՖՖ/ՈՒԵՖԱ մարզչական որակավորման դասընթացներից, ՀՖՖ արտոնագրման բաժնի կողմից այս տարի իրականացվել են նաև մի շարք այլ միջոցառումներ հայ մարզիչների համար, որոնցից, թերևս, կարելի է առանձնացնել դարպասապահների մարզիչների համար Երևանում անցկացված ՖԻՖԱ-ի սեմինարն այս տարվա ապրիլին:
- Ի՞նչ է տալիս մարզչին մարզչական Բ արտոնագրի դասընթացը:
- Կարծում եմ` Բ արտոնագրի դասընթացը մեր ֆուտբոլի պայմաններում, թերևս, ամենակարևորն է Հայաստանի համար, քանի որ ունենք որակյալ մասնագետների պակաս, իսկ Բ արտոնագրի դասընթացի կրթական ծրագիրն ուղղված է մասնակիցներին մարզչական տարրական գիտելիքներով ապահովելուն և մանկապատանեկան տարբեր տարիքային խմբերի թիմերի հետ աշխատելու համար նախապատրաստելուն: Կարելի է ասել, որ ավարտելով դասընթացը և ստանալով Բ արտոնագիր՝ մասնակիցը ստանում է ֆուտբոլային մարզչի որակավորում, ինչպես նաև հետագայում իր մասնագիտական գիտելիքները զարգացնելու և կիրառելու համար մեծ ասպարեզ:
- Քանի՞ մասնակից է եղել այս տարվա Բ և Ա արտոնագրի դասընթացներին:
- Բ դասընթացի սկզբում ունեինք 34 մասնակից, սակայն նրանցից 6-ը դուրս մնացին, և այս պահին ունենք 28 ուսանող, ովքեր քննությունները բարեհաջող հանձնելու դեպքում կարտոնագրվեն: Պետք է նշեմ, որ Բ արտոնագրի դասընթացը նախատեսված է 16 մասնակցի համար, սակայն պահանջարկը մեր երկրում բավական մեծ է, իսկ ՀՖՖ ղեկավարությունը չի ուզում մերժել նրանց, ովքեր ցանկանում են ձեռք բերել մարզչական և ֆուտբոլային գիտելիքներ: Նշեմ նաև, որ ՈՒԵՖԱ-ի անդամ մյուս երկրների համեմատ` Հայաստանում մարզչական դասընթացների վճարը մի քանի անգամ մատչելի է, քանի որ դրա մի մասը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ, փոխհատուցում է ՀՖՖ-ն: Պատահական չէ, որ ունենում ենք ուսանողներ նաև արտերկրից` Ուկրաինայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Բուլղարիայից և այլն: Ինչ վերաբերում է մարզչական Ա արտոնագրի դասընթացին, ապա այս տարի դասընթացում ընդգրկված է 18 մասնակից, ովքեր քննությունների բարեհաջող ընթացքի դեպքում նույնպես կստանան մարզչական համապատասխան արտոնագիր:
- Քանի՞ մարզիչ կա Հայաստանում, ովքեր այս պահի դրությամբ ունեն Բ, Ա կամ ՊՐՈ կարգի արտոնագիր:
- 188 մարզիչ այսօր արդեն ունի Բ արտոնագիր, 34 մարզիչ՝ Ա արտոնագիր և առայժմ միայն մեկ մարզիչ ունի ՊՐՈ արտոնագիր: Խոսքը Արմեն Գյուլբուդաղյանցի մասին է, ով իր ՊՐՈ արտոնագիրը ձեռք է բերել արտերկրում, մի քանի տարի առաջ, երբ Հայաստանը դեռ չուներ ՊՐՈ դասընթաց անցկացնելու իրավունք: Ներկայումս ՊՐՈ արտոնագրի դասընթացին մասնակցում են 12 մարզիչներ, և առաջիկայում մենք կունենանք արդեն Հայաստանում ՊՐՈ արտոնագիր ստացած մասնագետներ:
- Ինչպիսի՞ որակավորում պետք է ունենան, օրինակ, Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբների մարզիչներն ու նրանց օգնականները:
- ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի համաձայն՝ Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչները և նրանց առաջին օգնականները, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարները պետք է ունենան Ա արտոնագրի որակավորում, իսկ մնացած բոլոր մարզիչները, այդ թվում` մանկապատանեկան թիմերի մարզիչները, պարտադիր կերպով պետք է ունենան Բ արտոնագիր:
- Հավաքականների գլխավոր մարզիչների համար պարտադի՞ր է կոնկրետ կարգի արտոնագիր ունենալը:
- Ոչ, քանի որ մարզիչների արտոնագրումը հանդիսանում է ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման համակարգի բաղկացուցիչ մաս, իսկ ազգային հավաքականների արտոնագրման ինստիտուտ գոյություն չունի: Կարող եմ միայն նշել, որ ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրման դասակարգումը դարձել է մարզչի պրոֆեսիոնալ կարողությունների մասին պատկերացում կազմելու չափանիշ, ուստի դժվար թե որևէ եվրոպական հավաքականում կարողանանք գտնել գեթ մեկ մարզիչ, որը չունի արտոնագիր:
- Հայաստանում իրականացվող արտոնագրման դասընթացներին ովքե՞ր են ներգրավված` որպես հրահանգիչներ:
- ՀՖՖ-ի կողմից անցկացվող բոլոր դասընթացների շրջանակներում ՀՖՖ-ն հիմնականում հրավիրում է արտասահմանցի մասնագետների և հրահանգիչների` դասընթացների բարձր որակը ապահովելու նպատակով: Այս տարի Հայաստանում ՀՖՖ-ի հրավերով դասավանդել են մարզիչներ Դանիայից, Նորվեգիայից, Հոլանդիայից, Սլովակիայից և այլ երկրներից: Միևնույն ժամանակ, որպես հրահանգիչներ, դասընթացներին մասնակցում են նաև ՀՖՖ տեղացի հրահանգիչները, ովքեր ունեն անհրաժեշտ որակավորում և բազմամյա փորձ այդ բնագավառում, որը նրանց միաժամանակ թույլ է տալիս ինտեգրվել միջազգային դասավանդման գործընթացներին:
- Մարզչական դասընթացներն ունե՞ն որոշակի ուղղվածություն: Կա՞ն առանձին ամպլուաների խաղացողների, օրինակ` դարպասապահների որակյալ մարզիչներ, ովքեր կարող են ապագայում բարձրակարգ դարպասապահներ պատրաստել:
- Ցավոք, առայժմ չկան, բայց առաջիկայում ՈՒԵՖԱ-ն ծրագրում է սկսել դարպասապահների մարզչական արտոնագրման դասընթաց: Ծրագիրը կյանքի կոչվելուն պես Հայաստանը կլինի առաջիններից մեկը, ով կդիմի` դարպասապահների մարզիչների արտոնագրում կազմակերպելու համար: Ավելացնեմ, որ ՀՖՖ արտոնագրման բաժինը, համագործակցելով արտերկրի և տեղացի մասնագետների հետ, նախատեսում է մոտ ապագայում հրատարակել առանձին դասագիրք դարպասապահների մարզիչների համար:
- Հնարավո՞ր է միայն տեսական պարապմունքներով ստանալ արտոնագիր, թե՞ պարտադիր են նաև գործնական պարապմունքները:
- Հնարավոր չէ, քանի որ մի բան է իմանալ, մեկ այլ խնդիր է կիրառել գիտելիքները: Ե´վ Բ, և´ Ա արտոնագրի դասընացների մեջ գերակայում են գործնական պարապմունքները, որոնց ընթացքում մարզիչները պատրաստում և անցկացնում են հատուկ առաջադրանքով մարզումներ: ՀՖՖ հրահանգիչները պարբերաբար այցելում են Ա կարգի դասընթացի մասնակից մարզիչների ակումբներ/թիմեր, ծանոթանում նրանց աշխատաոճին, խորհուրդներ տալիս, կազմակերպում խմբային քննարկումներ տարբեր թեմաներով:
- Մարզչական կրթության ոլորտում ինչպիսի՞ ծրագրեր են նախատեսվում ՀՖՖ արտոնագրման բաժնի կողմից ապագայում:
- Ծրագրերը բազմաթիվ են: Նախ, կցանկանայի առանձնացնել այն, որ գալիք կրթական տարում ցանկանում ենք որոշակիորեն փոփոխել և ավելի ընդգրկուն դարձնել Բ արտոնագրի դասընթացը: Դասընթացի տևողությունն այժմ 120 ժամ է, բայց մենք նախատեսում ենք զգալիորեն ավելացնել լսարանային և գործնական դասերի թիվը: Արդեն ընթանում են աշխատանքներ Բ արտոնագրի նոր դասագիրք կազմելու ուղղությամբ, որում կունենանք ընդգրկուն բաժիններ՝ նվիրված դարպասապահի գործին, ֆուտբոլային ֆիզիոլոգիային, տեխնիկայի և տակտիկայի զարգացմանը, մարզումային գործընթացի առանձնահատկություններին` տարբեր տարիքային խմբերում: Նույնը կարող եմ ասել Ա արտոնագրի դասընթացի վերաբերյալ: Եվրոպական փորձից վերցնում ենք այն, ինչը հոգեհարազատ է և կիրառելի հայկական ֆուտբոլի համար, ավելացնելով մերը՝ փորձում ենք ստանալ մեկ ընդհանրություն: Գալիք մրցաշրջանում նախատեսում ենք հրատարակել ամբողջական դասագիրք մարզչական Ա արտոնագրի դասընթացի մասնակիցների համար: Ընդհանրապես, այստեղ կցանկանայի առանձնացնել, որ ՀՖՖ-ի կողմից անցկացվող Ա արտոնագրի դասընթացը մի շարք արտասահմանցի մասնագետների կողմից որակվել է որպես լավագույնը մեր տարածաշրջանում և լավագույններից մեկը` Արևելյան Եվրոպայում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում