Երևանում մեկնարկեց կենսաթոշակային տարեկան երկրորդ համաժողովը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սոցիալական ապահովության պետական ծառայության և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր Երևանում մեկնարկեց կենսաթոշակային տարեկան երկրորդ համաժողովը, որի շրջանակներում տեղի ունեցավ «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով միջազգային երկրորդ գիտաժողովը:
Միջոցառման իրականացմանն աջակցել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիան: Համաժողովին մասնակցում են ավելի քան 130 մասնակից` ԱՊՀ և Եվրամիության անդամ երկրների կենսաթոշակային հիմնադրամների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող պետական կառավարման մարմինների ու գերատեսչությունների, առևտրային բանկերի և այլ ֆինանսական կառույցների, մի շարք խոշոր ասոցիացիաների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու հեղինակավոր փորձագետներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համաժողովի բացմանը ողջունելով ներկաներին, նշեց, որ այսօր բոլոր երկրներում տեղի են ունենում կենսաթոշակային բարեփոխումներ, և բոլոր երկրների կառավարություններն անում են ամեն ինչ, որպեսզի կենսաթոշակային ապահովության մակարդակը ներկայիս թոշակառուների համար լինի հնարավորինս բարձր: «Միևնույն ժամանակ հաշվի առնելով կենսաթոշակային համակարգերի առանձնահատկությունները պետք է ապահովենք երկարաժամկետ ֆինանանսական կայունություն, իսկ դրա համար նման համաժողովների անցկացումը կարևոր նշանակություն ունեն»,-ասաց Ա.Ասատրյանը:
Ըստ նախարարի` տարեկան համաժողովի նպատակն է ուսումնասիրել կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներ նախաձեռնած երկրների փորձը, քննարկել տարբեր երկրներում բարեփոխումների ընթացքում
ի հայտ եկած մարտահրավերները, ինչպես նաև ամփոփել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների առաջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքները, նախանշել առաջիկա անելիքները, վեր հանել բարեփոխմանն առնչվող խնդիրներն ու առաջարկել դրանց լուծման լավագույն ուղիները: «Հուսով եմ, որ այս երկու օրերի ընթացքում համաժողովը կծառայի իր նպատակին»,- նշեց Ա.Ասատրյանը:
Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Կուրտինի խոսքերով` 20 տարի առաջ խորհրդային միության նախկին երկրները գնացել են տարբեր ճանապարհներով և յուրաքանչյուր երկիր այսօր ունի իր կենսաթոշակային համակարգը: «Այսօր մեզ համար շատ կարևոր են այն բարեփոխումները, որոնք իրականացվում են մեր հարևան երկրներում, բացի այդ շատ կարևոր է հասկանալ, թե այդ երկրներում ինչպես են ընթանում կենսաթոշակային բարեփումները»,- ասաց Ալեքսանդր Կուրտինը` հավելելով, որ այս համաժողովը հնարավորություն կտա ներկայացնել տարբեր երկրների փորձը:
Սոցիալական ապահովության միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Հանս Կոնկոլևսկին նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումները անհրաժեշտություն են դարձել բազմաթիվ երկրների համար: Ըստ նրա` տասնյակ տարիներ առաջ ձևավորված կենսաթոշակային համակարգերը չեն ապահովում այսօր գործող աշխատանքային շուկայի իրողությունները: «Այնուամենայնիվ, կարևոր է, որ բարեփոխումները լինեն տևական և երկարաժամկետ, սակայն փոփոխությունները պետք է այնպես լիենեն, որ կարճաժամկետ խնդիրներին ևս արձագանքեն»,-ասաց Հանս Կոնկոլևսկին:
Նշենք նաև, որ տարեկան համաժողովին առաջին անգամ մասնակցում են նաև ակտիվների կառավարիչներ, որոնք հետաքրքրված են կամավոր և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգերի գործարկման արդյունքում ստեղծվող ներդրումային հնարավորություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա