Հանուն Ծառուկյանի ֆինանսների ՀԱԿ-ը կփոխի նաև իր գաղափարները
Անդրադառնալով 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ ԲՀԿ-ի առաջարկած օրակարգին միանալու ՀԱԿ-ի պատրաստակամությանը` «Голос Армении»-ն հիշեցնում է, որ ուղիղ 7 տարի առաջ` 2005թ-ին, երբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ, որոնցով սահմանափակվում էին ՀՀ նախագահի լիազորությունները, ՀՀՇ-ի գործիչները, ինչպես նաև այն ժամանակ խորհրդարանում ընդդիմություն ներկայացնող Արամ Սարգսյանը, որը սերտ կապեր ուներ ՀՀՇ-ի հետ, կտրականապես դեմ էին այդ փոփոխություններին: 2005-ին ՀՀՇ-ն ամեն ինչ անում էր` պահպանելու համար 1995թ-ին տերպետրոսյանական մոդելով կազմված Սահմանադրությունը, որով ՀՀ նախագահը գրեթե անսահմանափակ լիազորություններ ուներ:
«Դեռ 2005թ-ին միջազգային դիտորդներն ու փորձագետները չէին կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է ընդդիմությունը դեմ լինել ժողովրդավարական ռեֆորմի, որի արդյունքում երկրի նախագահը կամովի սահմանափակում է իր իսկ լիազորությունները»,-գրում է «ГА»-ն: «Չնայած նրան, որ 2005-ին սահմանադրական փոփոխություններն այնուամենայնիվ կայացան, իշխանություններն այդ ժամանակ պարտվեցին տեղեկատվական հակազդեցության մեջ, քանի որ չկարողացան ճիշտ ձևով հասկացնել հասարակությանը, որ սահմանադրական ռեֆորմներն իրականում նպաստում են ժողովրդավարության հաստատմանը: 7 տարի անց այդ նույն ՀՀՇ-ն ՀԱԿ-ի տեսքով ակտիվորեն բանակցություններ է վարում ԲՀԿ-ի հետ կառավարման խորհրդարանական ձևին անցնելու համար, և խնդիրն ընդամենն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահական ընտրություններին մասնակցելու համար հարկավոր են Գագիկ Ծառուկյանի ֆինանսները»,-նշում է թերթը: